Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մատենադարանը լույս է ընծայում իր վաստակավորների ժառանգության արժեքավոր միավորները

Մատենադարանը լույս է ընծայում իր վաստակավորների ժառանգության 
արժեքավոր միավորները

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տպագրվել է Մաշտոցյան Մատենադարանի հանգուցյալ բազմերախտ աշխատակից՝ վաստակաշատ ձեռագրագետ և բանասեր Օննիկ Եգանյանի  աշխատությունների մեծադիր հատորը, որի տպագրության մեկենասը հեղինակի դուստր Անահիտ Եգանյան-Գյուլեճյանն է: Գիրքը հրատարակության է պատրաստել նույն հեղինակի աշակերտ-հետեւորդ՝ Մատենադարանի Գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից:

Գիրքը բաղկացած է չորս հիմնական մասից. առաջինը վերնագրված է՝ «Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրական հավաքածուները. մասն Բ.» և պարունակում է գիտական մամուլում Օննիկ Եգանյանի տպագրված այն հոդվածները, որոնք վերաբերում են Մատենադարան մտած ձեռագրական փոքր հավաքածուների և նրանց և առանձին միավորների ճշգրտման հարցերին:

Երկրորդ մասը Հարություն Հազարյան Կեսարացու հայերեն ձեռագրերի հավաքածուի՝ Մաշտոցյան Մատենադարան չեկած միավորների ցուցակն է: Երրորդը Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր Պատառիկների առարկայական ցանկն է, իսկ չորրորդը՝ նույն Մատենադարանի ժապավենաձեւ Հմայիլների համառոտ ցուցակը:

Գիրքն ունի  նաեւ Գեորգ Տեր-Վարդանյանի պատրաստած օժանդակ-հավելվածային երկու մաս` «Ժամանակագրական ցանկ Օննիկ Եգանեանի գիտական աշխատութիւնների» և «Հարութիւն Հազարեանի ձեռագրական հաւաքածուն եւ նրա մի մասի աճուրդը»:

Հատորն օժտված է նաեւ Գայանե Թերզյանի պատրաստած մանրամասն ցուցիչ ցանկերով՝ անձնանունների, տեղանունների, «Մատենադարանի՝ յիշատակուած ձեռագրերի համարական ցանկ», «Յիշատակուած՝ չպահպանուած եւ մեզ չհասած ձեռագրեր» եւ Մատենադարանի ձեռագրաց «Մայր ցուցակ»-ին հատուկ մնացյալ բոլոր ցանկերը:

Ինչպես իրավացիորեն նկատել է Գևորգ Տեր-Վարդանյանը, որևէ անհատի վաստակը նրա մարդկային նկարագրի ածանցյալն է, իսկ Օննիկ Եգանյանը  հսկա աշխատասիրության, սեփական անձի նկատմամբ մեծ խստապահանջության, արած գործի մեջ գերճշգրտության ձգտում ունենալով հանդերձ, կենցաղում խիստ սակավապետ էր, լռիկ և զուսպ, ազնիվ, անսահման բարի, սկսնակներին իր գիտելիքները հաղորդելու հարցում` շռայլ: 1958 թ. մինչև իր կյանքի ավարտը՝ 1984 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում. նրա կատարած աշխատանքի շնորհիվ այսօր գիտենք Մատենադարանի հավաքածուի ստեղծման պատմությանը` քայլ առ քայլ. տեղեյակ ենք ձեռագրերի անցած ճանապարհներին և ունեցած հանգրվաններին:

Գիրքը նախատեսված է հատկապես միջնադարյան հայերեն սկզբնաղբյուրների, ձեռագրերի եւ մասնավորապես՝ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի գոյացման խնդիրներով հետաքրքրվող գիտնականների եւ մտավորականների համար:

Հանգուցյալ ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի աշխատությունների եռահատորյակը տպագրությունից հետո, Օննիկ Եգանյանի այս գրքով ևս վերահաստատվում է, որ Մաշտոցյան Մատենադարանը մերձավոր անցյալի իր վաստակավորների ժառանգության արժեքավոր միավորների մեկտեղված և մշակված հրապարակումներով նախանձախնդիր ու հետամուտ է գիտական-մշակութային ժառանգորդության պահպանման կարևոր խնդրին։ Նույն խնդրին է ծառայելու նաև մի այլ երախտավորի՝ Ասատուր Մնացականյանի երկերի գալիք տարի նախատեսվող տպագրությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am