Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Արմենպրես»-ը 96 տարեկան է. 1918 թվականից Հայաստանի հետ

«Արմենպրես»-ը 96 տարեկան է. 1918 թվականից Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունը` «Արմենպրես»-ը, նշում է հիմնադրման 96 ամյակը: Ինչպես սիրում են ասել գործակալության աշխատակիցները, այս «երիտասարդ ծերուկը», իր գոյության երկար ու ձիգ տարիների ընթացքում, երբեք չհիասթափեցրեց իր հավատարիմ ընթերողներին: «Արմենպրես»-ը եղել և մնում է հայկական լրատվության դաշտի այն ակնառու ներկայացուցիչներից մեկը, ով մշտապես իր ընթերցողներին ապահովել է ստույգ և հավաստի տեղեկատվությամբ:

Դեկտեմբերի 18-ն «Արմենպրես»-ի հիմնադրման օրն է: 1918թՀայաստանի Ազգային խորհրդի հենց այդ օրվա նիստի արձանագրությունում ազդարարվեց Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն հանդիսացող Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունմամբ երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում: Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, ինչպես եւ նախօրոք ծանուցվել է բաժանորդներին, թողարկվել է 1919թ. հունվարի 15-ին. այն ընդգրկել է 22 կարճ լուր: Դրանք ուշագրավ տեղեկություններ են հանրապետության առօրյայի, պետական շինարարության, ազգամիջյան փոխհարաբերություններում գլուխ բարձրացնող ներքին խժդժությունների մասին: «Հայհեռագործ-Արմենտա-Արմենպրես»-ն իր գոյության ավելի քան ինը տասնամյակների ընթացքում ունեցել է երեսունից ավելի ղեկավարներ, մշտապես արտահայտել է հասարակության ցավերն ու մտահոգությունները. նա ժողովրդի հետ պայքարել է ֆաշիզմի դեմ, ուրախությամբ արձանագրել հետպատերազմյան շրջանում հայորդիների ներգաղթը, անմասն չի մնացել մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: 1959-ի դեկտեմբերից գործակալությունն ունենում է նաեւ իր առանձին, մասնագիտացված ֆոտոծառայությունը` «Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ» անվամբ, որ կարճ ժամանակում մեծ համբավ է ձեռք բերում: Հետագայում որոշվում է փոխել հնաբույր Հայաստանի հեռագրական գործակալություն անվանումը: Հայտարարվում է անվանափոխման մրցույթ: Ներկայացված ամենատարբեր առաջարկություններից ընտրվել է «Արմենպրես»-ը:

Իր գոյության տարիների ընթացքում գործակալությունը մշտապես աչքի է ընկել իր բարձր որակներով, ինչը փաստում են ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները: 2014 թվականին «Արմենպրես»-ը ստանձնեց Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի (BSANNA) նախագահությունը: Միաժամանակ, Հայաստանի պետական լրատվական գործակալությունը կարողացավ Երևանում պատվով ու բարձր մակարդակով կազմակերպել BSANNA-ի 7-րդ գագաթնաժողովը և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ նիստը:

«Արմենպրես»-ը շնորհավորում է իր ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին տարեդարձի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am