Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներկաները դժգոհել են Ջեմալ փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի ձևաչափից

Ներկաները դժգոհել են Ջեմալ փաշայի թոռան Ցեղասպանության մասին գրքի 
շնորհանդեսի ձևաչափից

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության կազմակերպիչ և իրականացնող Ջեմալ փաշայի թոռան՝ թուրք լրագրող Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը Երևանում չանցավ առանց միջադեպերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մոսկվա» կինոթատրոնում «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառաման ավարտին ներկաների զգալի մասը հայտնեց իր դժգոհությունը՝ կապված թուրք լրագրողի ձևակերպումների և հայտարարությունների հետ:

Միջոցառման սկզբում Ջեմալը, նախքան գրքի մասին խոսելը, հանդես եկավ ուղերձով` ուղղված բոլոր հայերին: Իր խոսքում նա նշեց, որ գիրքը գրելու և, առհասարակ, Երևան գալու պատճառը եղել է Հրանտ Դինքն ու նրա ապրած ցավը: «Ես հաճախ եմ ասում, որ ցավերը հասունացնում են և՛ մարդկանց, և՛ ժողովուրդներին: Սիրելի եղբայրս՝ Հրանտ Դինքը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող ենք հաղթահարել թուրքերի և հայերի պատմական ցավերը: Նա մահացու հարված հասցրեց քարացած արգելքներին, այլ կերպ ասած, Դինքը կարողացավ Ցեղասպանության ցավը ևս մեկ անգամ զգացնել տալ մեզ: Դինքը իմ սրտի դուռը բացեց դեպի հայերի ապրած վիշտը և օգնեց հասկանալ այդ ցավերն ու կիսել դրանք»,- իր ուղերձում նշեց Ջեմալը:

Նա կոչ արեց չվախենալ անցյալից, որպեսզի պատմությունը բոլորին գերի չդարձնի: «Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են: Հին հունական ասացվածքն ասում է. «Քանի գիշերը չի պատել, վառիր մոմդ»: Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է՝ հայինը, թուրքինը, մեր բոլորինը: Պետք է չկառչենք մահերից և բռնվենք կյանքից: Պետք է գրկենք այն և թույլ չտաքն, որ այն պատի մեզ»,- իր ուղերձում նշեց Ջեմալ փաշայի թոռը:

Խոսելով գիրքը գրելու մասին՝ նա պատմեց, թե ինչպես ժամանակի ընթացքում սկսեց գիտակցել դպրոցում և համալսարանում իր ուսանած պաշտոնական պատմության թերի, ոչ ճիշտ լինելը: «Ես ունեի կասկածներ և ես հասկացա, որ դա սուտ պատմություն է»,- պատմեց Ջեմալը՝ ներկայացնելով, թե ինչպես սկսեց ճշմարտության փնտրտուքները:

Քննադատելի որակելով ԱՍԱԼԱ-ի գործողությունները՝ նա միաժամանակ պարադոքսային անվանեց այն, որ մարդիկ հենց նրանց շնորհիվ սկսեցին ճանաչել 1915 թվականը: «Այս գիրքը գրելու հիմնական նպատակը, բացի իմ անցյալից, նաև այն հողերի, երկրի հետ հաշվի նստելն էր, որտեղ ես ապրել եմ: Այնքան մեծ պատեր կան հայերի ու թուրքերի մեջ, և այս պատերը կան և՛ սահմանների մոտ, և սրտերում, և՛ ուղեղում, և այս բոլոր պատերը մենք պետք է ոչնչացնենք»,- ընդգծեց գրքի հեղինակը:

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչ կանի թուրքական հանրապետությունը 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ՝ ընդգծելով, սակայն, որ այս հարցում այդքան էլ լավատես չէ: Նա հավանական չհամարեց, որ, որպես պետություն. Թուրքիան կարող է ներողություն խնդրել Ցեղասպանության համար և նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ջեմալ փաշայի թոռան հետ հանդիպման ժամանակ ներկաները, այդուհանդերձ, չկարողացան ստանալ իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Ներկա թուրքագիտական շրջանակները ևս հայտնեցին իրենց բողոքը: Մասնավորապես, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը միջոցառման ավարտին նկատեց, որ իր կողմից հայերեն թարգմանված և «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրատարակված գրքում կան շեղումներ թարգամանական տեքստից: Մասնավորապես, հանվել են թարգմանչի տողատակերը Լեռնային Ղարաբաղի և ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ: «Բազմաթիվ խեղաթյուրումներ են արվել: Գիրքը պետք է ներկայացվեր իր ամբողջության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետը: «Ես արդեն դիմել եմ հիմնադրամի փաստաբանին՝ Ֆեթհիյե Չեթինին: Մենք ունենք պայմանագիր` նրանց հետ կապված, որով պետք է հիմնադրամը տպագրությունից առաջ վերջնական տեքստը համաձայնեցներ թարգմանչի հետ, բայց նրանք կամայական փոփոխել են տեքստը, մտցրել են իրենց մեկնաբանությունները, ջնջել են «Ղարաբաղ», ««ԱՍԱԼԱ»-ի գործողություններ» վերնագրերով և այլ տեքստերն ու սարքել թուրքամետ մի գիրք: Ես արդեն իրենց մասնագետին եմ ներկայացրել իմ իրավական բողոքները»,- ասաց Մելքոնյանը՝ շնորհանդեսը որակելով որպես հերթական դրամաշնորհ ստանալու և այն հաջողությամբ մարսելու ծրագիր: «Ժողովրդի զայրույթն արդարացված է, քանի որ ժողովուրդը չէր եկել Հասան Ջեմալին՝ Ջեմալ փաշայի թոռանը ծափահարելու, այլ եկել էր որոշակի հարցեր տալու, իսկ դրա հնարավորությունը չտրվեց: Սա ֆիկտիվ միջոցառում էր, որը հաճելի է եվրոպական ամբիոնների համար»,- նշեց թուրքագետը՝ կատարվածն անվանելով հաջողությամբ բեմադրված թատերական ներկայացում:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am