Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Վաստակավոր բժիշկ Սառա Եսայանն արժանացավ մշակույթի նախարարության ոսկե մեդալին


ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի ոլորտում իրականացրած բարեգործական գործունեության համար ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանը պարգևատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Պարգևը դեկտեմբերի 4-ին Եսայանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը կարևորեց վաստակավոր բժշկի գործունեությունը և կատարած աշխատանքները:

«Եթե չլիներ բարեգործությունը, շատ բաներ չէին ստեղծվի: Բարեգործությունը մեծ հայրենասիրության դրսևորում է: Մեր ոլորտում բարեգործների ներկայությունը շատ կարևոր է, մենք ցանկանում ենք բոլոր մարդկանց ասել, որ հետևեն բարեգործների օրինակին:  Ոսկե մեդալն ամենագեղեցիկ պարգևն է: Ուզում եմ, որ առողջ լինելով` իրականացնեք ձեր բոլոր ցանկությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հասմիկ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Սառա Եսայանին ծավալած գործունեության համար:

ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանը վերհիշեց, որ իր ամուսնու` բժիշկ Կարլեն Եսայանի հետ ապրում էին Նոր Նորքում և հաճախ էին քայլում մի ամայի տարածքով, որն իրենց ուշադրության կենտրոնում էր և որն էլ հետագայում դարձավ նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի կառուցման վայրը:

«Մտածում էինք, որ մենք պետք է կառուցենք թանգարանը և կառուցեցինք թեկուզև դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց դա: Ամուսինս ասում էր, որ Աստված մարդկանց տանում է այնտեղ, որտեղ որ նրանք պետք է լինեն»,- նշեց Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին պարգևի համար:

ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Նրանք Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցել են Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը, 2004-2011թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար տրամադրել են դրամական նվիրատվություն` աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին:

Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով:

Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով:

Եսայան ամուսինները կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր:

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։

Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում գտնվող Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:

2013 թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: 2014 թ. բացվեցին Նանսենի անվան այգում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը, որտեղ տեղադրվել է Նանսենի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին` շրջապատված խաչքարերով և արձանախմբերով: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ