Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Ապրիլ

Շառլ Ազնավուրի գործերի անթոլոգիան անգնահատելի նվեր է երգչի երկրպագուներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի երկրպագուներն այսօրվանից հնարավորություն ունեն ձեռք բերել երգի լեգենդի ստեղծագործություններն ամփոփող անթոլոգիան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական՝ charlesaznavour.com կայքը, 60 CD ներառող անթոլոգիան թողարկվել է նոյեմբերի 17-ին: Այն հնարավոր է եղել նաև նախապես պատվիրել համացանցի միջոցով: Անթոլոգիան լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը վաճառքի է հանվել Ֆրանսիայում: 

Անթոլոգիան ներառում է Ազնավուրի 45 բնօրինակ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում:  Անթոլոգիան ներառում է մի քանի հարյուր երգ, ինչպես նաև 96-էջանոց գրքույկ, որը գրել է Բերթրան Դիքալը: Այն նկարազարդ է և թարգմանված` նաև անգլերեն:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյակը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, ելույթ է ունեցել նաև Հայաստանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ