Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը մինչ այժմ սիրահարված է իր մասնագիտությանը

Շառլ Ազնավուրը մինչ այժմ սիրահարված է իր մասնագիտությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք համերգից առաջ հյուրընկալվել է հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրին: Անվանի երգիչը հարցազրույց է տվել հայտնի շոումենին և խոսել տարբեր թեմաներից:

«Շատ ուրախ եմ, որ այսօր նման հյուր ունենք: Նա գրել է մոտ 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմում, նրա ձայնասկավառակները տարածվում են աշխարհում 100 միլիոն օրինակով: Հոկտեմբերի 3-ին մոսկովյան Crocus City Hall-ում կանցկացվի նրա եզակի համերգը, որը չի կարելի բաց թողնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնավուրին այսպես է ներկայացրել Իվան Ուրգանտը:

Հաղորդման նկարահանմանը ներկա հանդիսատեսն աշխարհահռչակ շանսոնյեին ողջունել է հոտնկայս և երկարատև ծափահարություններով:

Իվան Ուրգանտը սկզբում զարմանք է արտահայտել՝ նշելով, որ եղել է Ազնավուրի հարդարասենյակում և նկատել, որ այնտեղ գարեջուր, շամպայն և չիպս է դրված: Նա կես կատակ, կես լուրջ հետաքրքվել է, թե որքանով է նման սնունդն օգնում մնալ լավ վիճակում՝ այն էլ 90 տարեկանում:

«Ես ինձ լավ եմ զգում, որովհետև նորմալ կյանք եմ վարում: Ես հիմարություններ չեմ անում: Ես ուշ չեմ քնում, շատ չեմ ուտում, շատ չեմ խմում: Ես դադարել եմ ծխել և մինչ այժմ սիրահարված եմ իմ մասնագիտությանը»,-նշել է Ազնավուրը:

Ուրգանտը հետաքրքրվել՝ ինչպե՞ս է անվանի երգիչը հիշում իր բոլոր հազարավոր երգերը: «Ես չեմ կարողանում հիշել: Ես երգում եմ հինգ լեզվով, և ամեն անգամ նորից եմ սովորում այն, ինչ երգել եմ այլ լեզվով: Իհարկե, ամենահեշտն ինձ համար ֆրանսերեն երգելն է»,-փաստել է Ազնավուրը: Նա հավելել է, որ գիտի այն ռուսերեն երգերը, որոնք լսել է վաղ տարիքում:

Մեծ հայն ափսոսանք է հայտնել, որ լավ չի խոսում ռուսերեն և բեմից չի կարողանա որոշ բաներ ռուսերեն բացատրել:

Խոսելով իր ուսուցիչնների մասին` նա նշել է, որ արվեստագետին ստեղծում է հանդիսատեսը: Նա փաստել է, որ իր վրա մեծ ազդեցություն են ունեցել Էդիթ Պիաֆը, Շառլ Տրենեն, Մորիս Շեվալյեն:

«Ես մեծացել եմ իմ պապի, այնուհետև հոր «Կովկաս» կոչվող ռեստորանում»,-նշել է Ազնավուրը: Ուրգանտն էլ նկատել է, որ Մոսկվայում այսօր Ազնավուրի անունով ռեստորան կա: «Բայց տարբերությունն այն է, որ իմ ծնողները եղել են Կովկասից, իսկ նրանք (ռուսական ռեստորանի տերերը.-խմբ ) Ազնավուրներ չեն»,-նշել է երգիչը:  

Իվան Ուրգանտը հաղորդման ընթացքում հարցրել է՝ արդյոք անվանի շանսոնյեն հում հավկի՞թ է ուտում, որպեսզի իր ձայնն ավելի լավ պահպանվի:

«Երբ հայրս մի օր տեսավ, թե ինչպես եմ հում հավկիթ օգտագործում, հարցրեց, թե ինչու եմ այդպես անում, և ես պատասխանեցի, որ հում հավկիթ եմ ուտում, քանի որ դա լավ է ձայնի համար: Նա ասաց՝ եթե դա լավ է ձայնի համար, ապա հավիկների հետույքները պետք է օպերա երգեն»,-հումորով պատասխանել է Ազնավուրը:

Նա խոստովանել է, որ այն, ինչ իրեն շոկի է ենթարկել կամ էլ զարմացրել է՝ իր երգերի համար գաղափարներ է առաջացնում:

«Երգերն ամեն պատահածն ասելու համար չեն, երգերը պետք են, որպեսզի գաղափարներ տան երիտասարդ սերնդին, որը կգա ինձնից հետո»,-ասել է երգիչը: Նա հավելել է, որ ցանկացած տարիքի, գույնի, ազգության, կրոնի մարդիկ գալիս են իր համերգներին: «Ես երգում եմ հանդիսատեսի համար: Հանդիսատեսին պետք է հարգել այնպիսին, ինչպիսին որ կա»,-հավելել է նա:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 

Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյակը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են կենդանի լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ է ունեցել նաև Հայաստանում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am