Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Իսպանիայում քննարկվել են Իրաքից եւ Սիրիայից Հայաստանում ապաստանած անձանց խնդիրները

Իսպանիայում քննարկվել են Իրաքից եւ Սիրիայից Հայաստանում ապաստանած անձանց 
խնդիրները

ՄՈԼԻՆԱ,  25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Մոլինա քաղաքում Եվրախորհուրդը, Իսպանիայի կառավարության և գործընկեր միջազգային կառույցների հետ համատեղ կազմակերպել է 15-րդ «Երիտասարդության և զարգացման համալսարան»-ը, որը մեկտեղել է շուրջ 300 մասնակից աշխարհի գրեթե 50 երկրից: Ինչպես «Արմենպրես»-ին Մոլինայից փոխանցեց Արման Գրիգորյանը, համալսարանի շրջանակում տարբեր միջազգային կազմակերպություններ իրականացնում են սեփական ծրագրերը, ինչպես նաև համատեղ միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ և այլն:

Համալսարանի կազմակերպական թիմում որպես դասընթացավար Հայաստանից ներգրավված էր Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը, ով համակարգում է նաև գլոբալ միգրացիային վերաբերող H.O.M.E. ծրագիրը:

Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահականների` ամեն տարի մոտ 4 մլն մարդ արտագաղթում է առանց համապատասխան թույլտվության: Միգրանտներին հաճախ վտանգավոր ճամփորդություն է սպասվում, նրանք հանդիպում են դժվարին աշխատանքային ու կենցաղային պայմանների և անհանդուրժողականության: Խոցելի կարգավիճակի պատճառով նրանք հաճախ վախենում են  օգնություն փնտրել, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են: H.O.M.E. ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, բարձրաձայնել առկա խնդիրները, փորձել փոխել հանրության ընկալումը, ստեղծել անվտանգ տարածք ներգաղթյալների և փախստականների համար, զարգացնել նրանց ունակությունները և ծանոթացնել իրենց իրավունքներին:

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ «վերջին տարիներին Իրաքում, Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով Հայաստանում հանգրվանած մեկ տասնյակ հազարից ավելի սփյուռքահայերի գերակշիռ մասը, չնայած փախստականի կարգավիճակ չունի հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես կայանալու կարիք ունի: Իսկ մյուս կողմից, մարդկանց ներգաղթը Հայաստանին կանգնեցրել է նոր մարտահրավերների առաջ, որոնք բնորոշ են աշխարհի բազմաթիվ երկրների, ու Համալսարանը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում սեփական խնդիրները բարձրաձայնելու և դրական փորձի փոխանակության համար»:

«Երիտասարդության և զարգացման համալսարանը» կավարտվի սեպտեմբերի 28-ին` ամփոփելով բոլոր արդյունքներն ու ստեղծելով նոր հարթակ հետագա աշխատանքի համար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ