Հասարակական

Եթե ոչ այսօր, ապա ավելի ուշ մեր երկրի բուհերը կխոշորանան. ԿԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Եթե ոչ այսօր, ապա ավելի ուշ մեր երկրի բուհերը կխոշորանան. ԿԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա է բուհերի խոշորացման հրամայական, և եթե ոչ այսօր, ապա ավելի ուշ մեր երկրի բուհերը կխոշորանան: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:«Ցանկացած միավորում պետք է լինի հիմնավորված, այդ թվում՝ կրթության բովանդակության տեսակետից : Մենք կարծում ենք, որ բուհերի խոշորացման հրամայականը Հայաստանում կա: Եվ սա աներկբա է: Անկախ նրանից՝ ով որ բուհի ռեկտորն է, որ ամբիոնի վարիչն է, ով ինչ պաշտոնում է: Պաշտոնյաների գոյության իմաստը համակարգի սպասարկումն է, ոչ թե սեփական գոյությունն այդ պաշտոնում: Եթե ոչ այսօր, ապա վաղ թե ուշ Հայաստանում, միևնույն է, բուհերը խոշորանալու են, սրանից խուսափել հնարավոր չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանների միավորման հարցին` նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է առաջարկությունների փաթեթ, որն ենթադրում է նախ և առաջ բովանդակային մերձեցում: «Հաշվի առնելով, որ բուհերը գտնվում են հարևանությամբ, մենք առաջարկելու ենք ստեղծել ընդհանուր կրթական կառուցվածքներ, ենթակառուցվածքներ, լաբորատորիաներ, մարզադաշտեր, գրադարաններ, նույնականացնել կրթական ծրագրերը: Պոլիտեխնիկին նույնպես պետք է շնորհել հիմնադրամի կարգավիճակ, ինչպիսին որ մյուս բուհն է: Միավորումը բովանդակային գործընթաց է, այս ամենը տարիների աշխատանք է ենթադրում, կպսակվի՞ դա դե յուրե միավորմամբ, կապրենք, կտեսնենք»,-եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում