Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Հայ աշակերտները նոր կրթական խաղի միջոցով կբացահայտեն Ամերիկան


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աշակերտների գիտելիքները ԱՄՆ-ի պատմության, մշակույթի, գրականության, ավանդույթների, արժեքների և աշխարհագրության վերաբերյալ հարստացնելու նպատակով ստեղծվել է նոր խաղ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության «Dasaran.am» կրթական ծրագրի համատեղ ջանքերով ստեղծված «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ և ինտերակտիվ խաղի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 15-ին`  Երևանի թիվ 125 դպրոցում: Խաղի ներկայացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Միջոցառման ընթացքում միմյանց հետ մրցեցին 11-15 տարեկան աշակերտները: 

 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շրջեց դպրոցի համակարգչային լսարանով, շփվեց աշակերտների և ուսուցիչների հետ, զրուցեց խաղի մասին, ինչպես նաև դպրոցին նվիրեց վերջերս ԱՄՆ դեսպանատան ջանքերով հրատարակված «Կլարա Բարտոն.նաև մեր հրեշտակը» գիրքը: Դեսպանն ընդգծեց, որ հաճույքով է գտնվում թիվ 125 դպրոցում:

«Շատ ուրախ եմ, որ «Բացահայտիր Ամերիկան» խաղը կարող է օգտագործվել այս խելացի և տաղանդավոր աշակերտների կողմից` զվարճալի ձևով զարգացնելու նրանց գիտելիքները: Երկրորդ նպատակն այն է, որ հայ և ամերիկյան ժողովուրդներն իրար ավելի լավ հասկանան: Ուրախալի է տեսնել, որ երիտասարդները գիտելիքներ են կուտանում ԱՄՆ-ի մասին: Խաղը ներկայացնում է ամերիկյան և համաշխարհային արժեքներ: Հույս ունեմ, որ երբ խաղաք այն, կուսումնասիրեք նաև այս արժեքները: Շնորհակալություն նախաձեռնողներին և հատկապես երեխաներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ջոն Հեֆերնը:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ, «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն ընդգծեց, որ «Dasaran.am»-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած ուղուն, փորձում է զարգացնել ՏՏ ոլորտը Հայաստանում: «Դեսպանատան հետ ստեղծեցինք «Բացահայտիր Ամերիկան» խաղը, որը հնարավորություն կտա ամրապնդել հայ երեխաների գիտելիքները:

Բոլոր դպրոցները և աշակերտները հնարավորություն կունենան օգտվել այս կրթական ծրագրից: Կարծում եմ, որ նախաձեռնությունը ևս մեկ հնարավորություն է` ԱՄՆ-ը ավելի լավ ճանաչելու համար»,-նշեց Սուրեն Ալոյանը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ողջունեց նախաձեռնությունը`ընդգծելով, որ այն ակտիվացել է հատկապես վերջին շրջանում: «Համագործակցությունը հնարավորություն է տալիս, որ մեր դպրոցականներն ավելի շատ գիտելիքներ ստանան ԱՄՆ-ի մասին: Երևանի քաղաքապետը պատրաստակամ է աջակցելու այն ծրագերին, որոնք ուղղված են երեխաների գիտելիքների զարգացմանը»,-ընդգծեց Սողոմոնյանը:

 Խաղը տեղադրված է «Dasaran.am»կրթական հարթակում, որին արդեն իսկ միացել են Հայաստանի բոլոր դպրոցները: «Dasaran.am» կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում` վայելելով ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ