«Արվեստի գլուխկոտրուկ». 29 հայ արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ ցուցահանդեսով
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժամանակակից 29 արվեստագետների աշխատանքներն այցելուներին կներկայանան մեկ` «Արվեստի գլուխկոտրուկ» (Art puzzle) ցուցահանդեսի միջոցով «Գալա Արտ» ցուցասրահում: Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես գեղանկարչության, այնպես էլ քանդակագործության ժամանակակից նմուշներ:
«Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում ցուցասրահի փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանը պատմեց, որ 29 հեղինակների շուրջ 70 աշխատանքները կմիավորի գարնան թեմատիկան:
«Մենք փորձել ենք այնպես անել, որ այցելուների առօրյան գեղեցկանա և ողողվի միա՛յն դրական լիցքով: Ծանր աշխատանքներ չենք ընդգրկել ցուցահանդեսում, որպեսզի ձմռան ցուրտ ամիսներից հետո այցելուները հնարավորություն ունենան կտրվել գորշ գույներից և համավեն բարձր տրամադրությամբ»,- ասաց Միքայելյանը:
«Արվեստի գլուխկոտրուկ»-ին ներկայացված արվեստագետների թվում են Ռուդոլֆ Խառատյանը, Վավ Հակոբյանը, Ժոռա Հայրապետյանը, Արթուր Շառաֆյանը, Արև Պետրոսյանը, Սարգիս Բաբայանը, Լևոն Աբրահամյանը, ուրիշներ:
Ցուցասրահի փոխտնօրենը նշեց, որ ցուցահանդեսին մասնակիցների շարքում կան նաև անուններ, որոնց համար կայանալիք խմբակային ցուցահանդեսն առաջինն է ստեղծագործական կյանքում:
«Բացի այս ցուցահանդեսից այցելուները հնարավորություն ունեն ցուցասրահի առաջին հարկում դիտել մեր դասականների և մոդեռնիստների` Աշոտ Հովհանիսյանի, Ժանսեմի, Մինաս Ավետիսյանի, այլոց աշխատանքները, որոնք ընդգրկված են մեր մշտական ցուցադրությունում»,- ասաց Միքայելյանը:
«Արվեստի գլուխկոտրուկ»-ը կառանձնանա նաև երաժշտականությամբ: Ցուցահանդեսը դիտելուն զուգահեռ այցելուները հնարավորություն կունենան ունկնդրել Կոմիտաս, ինչպես նաև հայ և արտասահմանյան դասական և ջազային ստեղծագործություններ:
Առաջիկայում «Գալա Արտ»-ը ծրագրել է ընդլայնել իր գործունեությունը` կազմակերպելով անվանի վարպետների ցուցահանդեսներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, դիվանագիտական կառույցներում, անվանի մտավորականների տներում` դրանով նպատակ ունենալով մեր երկրում ձևավորելու նոր ցուցահանդեսային մշակույթ:
Ցուցասրահի` 2013 թվականի օգոստոսին անցկացված «Հռչակավոր վարպետներ» խորագրով ցուցահանդեսին այցելուների պակաս չի եղել. մեկ ամսվա կտրվածքով ցուցասրահը ունեցել է ավելի քան 3000 այցելու: «Արվեստի գլուխկոտրուկ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը: Այցելուների համար ցուցահանդեսի մուտքն ազատ է:
«Գալա Արտ»-ը բացվել է 2012 թվականի հոկտեմբերին` գրող Նուշիկ Միքայելյան եւ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյան ամուսինների նախաձեռնությամբ: Կարճ ժամանակահատվածում այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ արվեստասերների շրջանում: Առաջին իսկ օրվանից հանրությանը ներկայացվում են գեղանկարչության մի քանի սերնդի ներկայացուցիչների աշխատանքներ, դասականների գործեր` Քոչար, Սարյան, Մինաս, Հակոբ Հակոբյան եւ այլք: Ցուցասրահում տեղ են գտել նաև ժամանակակից հայտնի ստեղծագործողների եւ երիտասարդ տաղանդավոր արվեստագետների աշխատանքները:
Տաթևիկ Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում