Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաքըֆ գյուղում հաստատված քեսաբահայերը պատմել են իրենց հետ կատարված դեպքերի մասին

Վաքըֆ գյուղում հաստատված քեսաբահայերը պատմել են իրենց հետ կատարված 
դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրից Թուրքիա տեղափոխված հայերը, հակառակ թուրքական պաշտոնական շրջանակների պնդման, այստեղ են բերվել ոչ իրենց կամքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական Sol լրատվամիջոցի թղթակցին պատմել են Թուրքիայի հայկական Վաքըֆ գյուղում հաստատված քեսաբահայերը:

Վաքըֆի գյուղապետ Բերչ Քարթունը թուրք լրագրողին տարել է հայկական գյուղի եկեղեցի, որտեղ եղել են 8-10 տարեց քեսաբահայեր: Այնուհետև Քարթունը ներկայացրել է նրանց դրությունն այստեղ: «Երբ եկան մեզ մոտ, վշտի մեջ էին: Նրանց խմբին մի քանի օր պահել էին ցրտին, քնեցրել էին բետոնե հատակին»,- պատմել է գյուղապետը` նշելով, որ Վաքըֆի ժողովրուրդը բոլորը միասին անում են ամեն բան քեսաբահայերի կարիքները հոգալու համար: Նրանց առողջական վիճակը ստուգելու նպատակով այստեղ բժիշկ է այցելել, իսկ նրանց համար, ում դեղամիջոցները սպառվել են, բերվելու են նորերը: Քարթունը հայտնել է, որ բոլոր քեսաբահայերը, որքան էլ իրենցով այստեղ հետաքրքրվում են, հանգիստ չեն զգում իրենց, կարոտում են իրենց տունը, բարեկամներին, երկիրը:

Վաքըֆում հաստատված քեսաբահայերից մեկը, ի նշան կատարվածի, հայտնել է, որ սգի մեջ է, ուստիև հրաժարվում է սափրվել: Լրագրողի հետ զրուցած 68-ամյա Ասպետ Ժուլյանը, ով Վաքըֆ է բերվել 92 տարեկան մոր և 95 տարեկան սկեսուրի հետ, պատմել է, որ գյուղում մնացել էին միայն իրենց նման տարեցները կամ նրանք, ովքեր չեն ունեցել մեքենաներ` փախչելու համար: Խոսելով Թուրքիայում հայտնվելու մասին` նա պատմել է, որ իրենց չեն հայտնել, թե ուր են տանում, միայն ասել են, որ դա ապահով վայր է լինելու:

Վաքըֆում հաստատված մեկ այլ քեսաբահայ` 91 ամյա Նեսիս Թանգուկյանը, պատմելով իրենց հետ կատարվածի մասին, նշել է, որ իրենց մոտ եկած զինված մարդիկ իրենից պահանջել են ցույց տալ Քեսաբում հայերի ու ալևիների տները: «Ինձնից պահանջեցին ցույց տալ թե որ տներում են ապրում հայերն ու որ տներում են ապրում ալևիները, ես էլ ցույց տվեցի: Այնուհետև ասացին, որ գնամ իրենց հետ: Մոտ 100 մետր գնացինք: Այդտեղ մի տուն կար, ուզեցին, որ տանտիրոջը կանչեմ: Ձայն տվեցի, սակայն պատասխան տվող չկար: Ուզեցի հետ վերադառնամ, սակայն ասացին, որ մի քիչ սպասեմ: Տան վրա մի քանի անգամ կրակեցին, ոչ ոք չարձագանքեց: Այնուհետև կարգադրեցին, որ գնամ տուն և այնտեղ նրանց սպասեմ»,- պատմել է Թանգուկյանը: Ավելի ուշ մեկը եկել է նրանց մոտ և ասել, որ իրենց պահեստ են տանելու: Թանգուկյանի եղբորը ևս իրենց հետ են տարել: Քանի որ ճանապարհ ընակծները եղել են տարիքով մեծ և երկար քայլել չեն կարողացել, նրանց շուտով մեքենա են նստեցրել: Ճանապարհին նրանց միացել են նաև այլ քեսաբահայեր: «Երեկո էր, մեզնից շատերը վախեցած էին: Մի քանի մարդկանց էլ բերեցին, մոտավորապես դարձանք 20 մարդ: Բետոնի վրա պառկեցինք: Օդը սառն էր, մրսում էինք: Մեզ համար ծածկոց բերեցին: Հագիս միայն վերնաշապիկ էր և տաբատ, ոտքերիս էլ գուլպաներ էին»,- պատմել է նա: Թանգուկյանը հետաքրքիր մանրամասն է պատմել այն ժամանակվանից, ինչ իրենց առանձին են պահել: Նրա հաղորդմամբ, զինյալները շարունակ հարցեր են տվել իրենց կրոնի, կրոնական ծիսակարգերը կատարելու ձևերի վերաբերյալ: Իրենց շարքերում եղել է նաև մեկ ալևի, ում առանձին տարել և հարցաքննել են` ձայնագրելով խոսակցությունը: Շուրջ 200-250 սուննի մահմեդականների էլ, ըստ Թագուկյանի, իրենցից առանձին տեղ էին տարել: Այնուհետև նրանց կրկին տարել էին Քեսաբ, որտեղից էլ արդեն տեղափոխել էին Թուրքիա:

Վաքըֆ տարված հայերից ամենաերիտսարդը 50-ամյա Նվարդ Ժուրյանն է, ով ցավով է խոսում Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: «Այս պահինՔեսաբում ոչ ոք չի մնացել: Ծառերը չորացել են, թռչունների ձայներն անգամ չեն լսվում: Եթե մտնես Քեսաբ, քեզ կզգաս ասես գերեզմանում: Այդպես են ասում…»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am