Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Տարեվերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Երեւան. ԱՄՆ դեսպան

Տարեվերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Երեւան. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն այժմ առավել քան երբեւէ ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել եւ ավելի լավ գործընկեր դառնալ: Երկկողմ հարաբերությունների, Հայաստանում բիզնես միջավայրում առկա փոփոխությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացի մասին «Արմենպրես«-ի հետ բացառիկ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

-Պարոն դեսպան, ավելի քան երկու տարի է Հայաստանում եք: Ինչպե՞ս եք ձեզ զգում Հայաստանում:

-Սա հրաշալի երկու տարի էր եւ լավ փորձառություն իմ եւ կնոջս համար: Սրանք արժեքավոր եւ նոր փորձառություններով լեցուն տարիներ էին: Այժմ կինս ԱՄՆ-ում է` թոռնիկիս առողջական խնդիրների հետ կապված: Հայաստանի մասին կասեմ, որ երկրում կան մարտահրավերներ` թե’ ներքին, թե’ տարածաշրջանային, որը երկիրը դարձնում է առավել հետաքրքրական: Կան հնարավորություններ, հոյակապ, տաղանդաշատ մարդիկ, ովքեր աշխատում եւ իրենց ջանքերն են ներդնում, որպեսզի երկիրը հաջողությունների հասնի: Մենք ցանկանում ենք այդ ամենի մասը լինել: ԱՄՆ-ն այստեղ է, որպեսզի ներկա գտնվի այդ աշխատանքներում եւ խրախուսենք ջանքերը, իսկ եթե շտկման կարիք կա, ապա մատնացույց անենք դրանք: Մարտահրավերների եւ հնարավորությունների հավասարակշռությունն ու հոյակապ մարդիկ իմ աշխատանքը դարձնում են ավելի լավ եւ հետաքրքրական:

-Որպես քաղաքացի ինչպիսի՞ խնդիրներ է նկատել դեսպանը, որը կցանկանար լուծված տեսնել:

-Իմ մասնավոր կյանքը թողել եմ Վաշինգտոնում նոր եկել Երեւան եւ որպես մասնավոր քաղաքացի իմ կարծիքը չեմ արտահայտի, այլ հանդես կգամ որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Մարտահրավերները բոլորին հայտնի են. կան տարածաշրջանային մարտահրավերներ, կան ներքին մարտահրավերներ: Քաղաքական ասպարեզում կան քաղաքական, մարդու իրավունքներ, թափանցիկության հետ կապված հարցեր: Հենց վերջերս ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների զեկույցն է հրապարակվել: Հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, կառավարությունը կծանոթանան զեկույցին եւ կտեսնեն, թե որ ոլորտներում են թերություններ մատնանշվել: Սակայն խնդիրները ներկայացնելուց զատ, ԱՄՆ-ն փորձում է աջակցել դրանց վերացման գործին: Աշխատում ենք անկախ դատական համակարգի ձեւավորման, ընտրական բարեփոխոումների, թափանցիկության եւ հակակոռուպցիոն հարցերի ուղղությամբ: Մենք փորձում ենք քննադատությունն ու աջակցությունը հավասարակշռել: Վերջին երկու եւ կես տարիների ընթացքում ամենախոշոր ձեռքբերումներից մեկը առեւտրի, տնտեսության ե ներդրումների ոլորտում համագործակցությունն ու կապերի խորացումն է, Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը: Այդ ուղղությամբ դեռեւս կան իրականացվելիք աշխատանքներ, բայց դրական տեղաշարժ էլ կա եւ ավելի շատ օտարերկրյա գործարարներ են ներդրում կատարում: Ես տեսել եմ նոր ներդրումներ տեղեկատվության, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում, վստահ եմ, որ այդ միտումը կշարունակվի: Նաեւ տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում կան օտարեկրյա ներդրումներ: Մեզ համար շատ կարեւոր էր վերջին ամսին էներգետիկ ոլորտում կնքված համաձայնագիրը Որոտանի հիդրոկասկադի վերաբերյալ:

- Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով են կարեւորում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Բացի տնտեսական ոլորտներից էլ ո՞ր ոլորտները կառանձնացնեք, որտեղ կարեւորում եք  համագործակցությունը:

-Երկկողմ հարաբերությունների, դիվանագիտական առումով թերեւս կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որեւէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցով պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցով Հայաստան այցելելու եւ հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին: Սակայն հարաբերությունների բովանդակային կողմն ավելի կարեւոր է, քան բարձրաստիճան այցերը: Անցյալ տարվա վերջին արդյունավետ երկկողմ ձեւաչափով աշխատանքային քննարկում ունեցանք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դեկտեմբերին մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ ամենը ուղղված է մեր համագործակցությանը թե’ տնտեսական, թե’ անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում մենք եւս ամուր համագործակցություն ունենք, ՆԱՏՕ-ն ամուր համագործակցություն ունի Հայաստանի հետ եւ դա շատ կարեւոր է:

Շատերը հարցնում են, թե ինչպիսին է ԱՄՆ-ի արձագանքն ի պատասխան նրա, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Վաշինգտոնը շատ հստակ նշում է, որ ԱՄՆ-ն այժմ առավել քան երբեւէ ցանկանում է Հայաստանի հետ իր հարաբերություններն ավելի խորացնել եւ ավելի լավ գործընկեր դառնալ: Հայաստանի նախագահն ու կառավարությունը վերահաստատել են ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Արեւելյան գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, եւ մենք պատրսատ ենք եւ շարուանկելու երկխոսությունը տարբեր հարցերի շուրջ:

- Պետքարտուղար Քերիի այցը տարածաշրջանայի՞ն է: Մանրամասնություններ կան այցի վերաբերյալ:

- Մանրամասներ այցի վերաբեյալ դեռ չկան: Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային  հարցեր, ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եւ այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային:

- Պարոն դեսպան, դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը: Պետքարտուղար Քերին Սենատում ելույթի ժամանակ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում են: Արդյո՞ք այդ հարաբերություններից կարելի է ակնկալիքներ ունենալ, երբ Թուրքիան, ամեն անգամ խոսելով հարաբերությունների մասին, մեջտեղ է բերում նախապայմաններ եւ երրորդ երկրի վերաբերյալ հարց բարձրացնում:

- Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն աձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Հայաստանին, որ աձանագրությունները դեռ պահանվում են խորհրդարանում եւ հետ կանչված չեն: Հայաստանի համբերությունը գնահատվում է, չորս տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության երկու ամենակարեւոր հարցերով` Իրանի միջուկային ծրագրի եւ Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստիանյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում` Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման եւ դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման:

- Ղարաբաղյան խնդրին մենք դեռ կանդրադառնանք: Իմ հաջորդ հարցը կրկին վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: ԱՄՆ-ն այն եզակի պետություններից է, որի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հատուկ ելույթով իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Սակայն, չե՞ք կարծում, որ շարունակելով չընդունել Հայոց ցեղասպանությունը, գերտերությունները նպաստում են հետագա ցեղասպանությունների իրականացմանը:

- Նախագահի հայտարարությունը շատ կարեւոր է, եւ ես ուրախ եմ, որ այն բարձր է գնահատվում: Իր նախագահության օրոք արված բոլոր հայտարարություններում Օբաման փաստերը չի ժխտել: Դրանք շատ հստակ են` մեկուկես միլիոն տեղահանված հայեր, ովքեր ջարդերի են ենթարկվել,  քսաներորդ դարի վատթարագուն ողբերգություններից մեկը եւ այլն: Փաստերը ընդունվում են եւ դատապարտվում: Թե ինչպիսի տեսք կունենա հայտարարությունը հաջորդ տարի, ես չեմ կարող կանխորոշել, քանի որ հայտարարության տեքստի որոշումը կայացվում է Վաշինգտոնում:

- Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերջերս ճանաչեց ԼՂ անկախությունը, ինչը, բնականաբար, որոշակի ոգեւորություն առաջացրեց այստեղ: Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ որեւէ նահանգ կամ քաղաք ընդունում է ԼՂ անկախությունը: Արդո՞ք այս ճանաչումները ԱՄՆ պետական դիրքորոշումն են արտահայտում, եւ արդյո՞ք այս ճանաչումները կարող են նպաստել հետագայում ԱՄՆ-ի կողմից ԼՂ ճանաչմանը:

- Մեզ մոտ դաշնային կառավարման համակարգ է եւ քաղաքային խորհուրդները, նահանգները հայտարարություններ, բանաձեւեր են ընդունում ամենատարբեր հարցերի վերաբերյալ ու դաշնային կառավարությունը որեւէ կերպ չի առնչվում այդ հայտարարություններին: Կա իշխանության ճյուղերի տարրանջատում, եւ մենք փորձում ենք այդ տարրանջատումը պահպանել, ինչը մեր Սահմանադրության կարեւորագույն դրույթն է: Երբեմն  դժվար է գնահատական տալ, թե այդ բարդ համակարգում ով ի՞նչ է անում, սակայն իմ ուշադրության կենտրոնում գործադիր ճյուղի գործողություններն են, նախագահի հրահանգները: Բայց ես ուզում եմ ձեր հարցի բովանդակային մասին անդրադառնալ: Լեռնային Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացում է, եւ մենք պարտավորված ենք ու ցանկանում ենք, որ ապահովվի խնդրի խաղաղ կարգավորում: ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր` 18 տարի այդ ուղղությամբ աշխատում է: Կողմերը պետք է զիջումներ կատարեն, քանի որ «ստատուս քվոն» ոչ մեկի համար ընդունելի չէ: Եվ երբ ավելի լայն համատեքստում ենք նայում խնդրի կագավորումը, ապա հասկանում ենք, որ այն կօգնի նաեւ բարելավել Հայաստանի դիրքը տարածաշրջանում: Դուք կտեսնեք, որ դեսպան Ջեյմս Ուորլիքը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փորձելու է այս հարցն առաջ մղել, եւ ես հույս ունեմ, որ Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչով են պայմանավորված այդ որոշումները. դրանք արվում են հանուն խնդրի խաղաղ կարգավորման:

- Պարոն դեսպան դուք ձեր խոսքում անընդհատ նշում եք խաղաղ կարգավորում, խաղաղ բանակցություններ արտահայտությունները: Ապրելով Հայաստանում եւ ավելի մոտիկից ծանոթ լինելով իրավիճակին` արդյո՞ք կարելի է խաղաղ իրավիճակ համարել այն, երբ սահմանին անընդհատ հրադադարի ռեժիմը խախտվում է եւ այն խախտում է միայն մեկ կողմը եւ սահմանին գրանցվում են զոհեր: Արդյո՞ք այս իրավիճակում է ճիշտ է խոսել խաղաղ կարգավորման եւ խաղաղ բանակցությունների մասին:

- Հենց դա է պատճառը, որ «ստատուս քվոն» անընդունելի է եւ հենց դա է պատճառը, որ փորձում ենք կողմերին ուղղորդել խաղաղ կարգավորման վերաբերյալ որոշում ընդունել: Համանախագահների հայտարարություններում շատ հստակ դատապարտվում են բոլոր տեսակի բռնությունները, ռազմական հռետորաբանությունը, զենքերի ձեռքբերումը, որը ապակայունացնում է իրավիճակը: Այդ ամենը դժարացնում են այն խաղաղ լուծումը, որին մենք ձգտում ենք:

-Դուք կարծես թե մասամբ պատասխանեցիք իմ հաջորդ հարցին: Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ եւ հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հանդես եկավ ռազմատեչ հայտարարություններով եւ խոսեց Ղարաբաղը գրավելու իր ցանկության մասին: Արդյո՞ք սա չէ այսօր առկա ամենամեծ խնդիրը եւ արդյո՞ք հարեւան պետության հենց այս դիրքորոշումը չէ, որ խանգարում է խաղաղ բանակցություններին:

- Նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիում տեղի ունեցավ Վիեննայում եւ երկու երկրների նախագահները նշեցին, որ հանդիպումը դրական մթնոլորտում է անցել: Եվ մենք փորձում ենք առավել խորացնել այդ փոքրիկ բարելավումը: Բայց դուք իրավացի եք, հռետորաբանությունը դժվարացնում է խնդրի լուծումը եւ համանախագահները հստակ նշել են, որ ժամանակն է հետեւում թողնել տարբեր տեսակի բռնություններն ու հռետորաբանությունները եւ առաջ շարժվել:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ