Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի առաջին գորգագործության թանգարանն այցելուների առաջ իր դռները կբացի մարտի վերջին

Հայաստանի առաջին գորգագործության թանգարանն այցելուների առաջ իր դռները 
կբացի մարտի վերջին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախապատրաստական վերջնական աշխատանքների ավարտից  հետո 2014 թվականի մարտի վերջին Երևանում կբացվի հանրապետության առաջին գորգագործության թանգարանը: Հայկական գորգն աշխարհում հանրահռչակելու, տեղական և միջազգային հանրությանը մեկ թանգարանի միջոցով ներկայացնելու առաքելությունն իր վրա է վերցրել «Մեգերյան կարպետ» ընկերությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը պատմեց, որ թանգարանը կունենա 230 քմ տարածք: «Թանգարանում տեղ կգտնեն հայկական հնագույն, շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գորգեր, ինչպես նաև բացառիկ նմուշներ Մեգերյան ընտանիքի անձնական հավաքածուից»,- նշեց Անրեասյանը: Նա տեղեկացրեց, որ թանգարանի ցուցադրությունը  պարբերաբար թարմացվելու է,  համալրվելու և փոխարինվելու է նոր ցուցանմուշներով:  Ցուցադրվող գորգերից շուրջ 50-ը Նյու Յորքից են բերվելու Երևան:

Մեգերյան ընտանիքի ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ: 1917 թվականին Մեգերյաները գաղթել են ԱՄՆ և հիմնել  «Մեգերյան» ընկերությունը, որն սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով և լվացումով, ինչպես նաև առքուվաճառքով: Գորգեր ստեղծելու գործում վարպետության և հմտության ավանդույթը վերագրվում է Մեգերյանների վերջին` չորորդ սերնդի ժամանակաշրջանին: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որոնց հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագուն ոճի սկզբունքները:

   Արտադրության և կոմերցիոն գծով տնօրենն ընդգծեց, որ ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի մեծ ցանկությունն է, որ թանգարանի հավաքածուն հասանելի լինի բոլորին և  մուտքն ազատ լինի այցելուների համար:

«Մենք ցանկանում ենք աշխատել դպրոցների, մանկապարտեզների, այլ կրթական հաստատությունների հետ, որովհետև այն մշակութային ժառանգությունը, որ ներկայացնելու ենք, բոլորինս է»,- ասաց Անդրեասյանը` կարևորելով նաև լրագրողների դերը գորգագործության հանրահռչակման գործում:

«Մեգերյան կարպետ» ընկերության մասնագետների հաջողվել է գորգերի բնական նյութերով ներկման մեթոդը: Սպիտակ թթի թեփը, նռան կեղևը, անթառամ ծաղիկը և շատ այլ նյութեր գորգերի` անգամ հարյուրամյակներ անց գույնը չգցելու հիմնական գրավականն են:  Բնական ներկով և ողջ աշխարհում հայտնի հայկական կրկնակի հանգույցով գորգեր պատրաստելը ոչ միայն թանկ, այլև ժամանակատար հաճույք է:  Ընկերության գորգերը զարդարում են ոչ միայն հայաստանյան հեղինակավոր կառույցների պատերն ու հատակը, այլև մեծ պահանջարկ ունեն արտերկրում, օրինակ` Վատիկանում: Մեգերյաններն ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում` օգտագործելով դիզայնի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոռիի և ժամանակակից այլ դիզայնի տեսակներ:

ՀՀ կառավարությունը գորգագործության հանրահռչակումը  2013 թ.  մշակութային իր քաղաքականության գերակա ուղղություններից մեկն էր ճանաչել:  Ողջ տարի իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում անցկացվեց «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» միջազգային գիտաժողովը, որը միտված էր մշակույթի այս տեսակի կենսունակության ակտիվացմանը: Միջնադարում գորգը նաև արտաքին առևտրի բաղադրիչ մասն էր, հայկական գորգարվեստի մի շարք նմուշներ տեղ են գտել արտերկրի թանգարաններում, իտալացի և հոլանդացի նկարիչների աշխատանքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am