Վիլյամ Սարոյանի գործերի հիման վրա նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Երեւանում մեծ էկրան կբարձրանա
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարալլելս ֆիլմ» (Parallels Film) անկախ կինոընկերությունը, «Շարմ» հոլդինգը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը մարտի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, երևանյան պրեմիերայից հետո «Կիսալուսնի Ծովածոցը» կցուցադրվի Երևանյան կինոթատրոններում, կներկայացվի ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխությանը, ապա` Կաննի կինոշուկայում:
«Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը: Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք` Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն:
Պարալլելս ֆիլմ կինոընկերությունը 2012թ. սկսել է առաջին ֆիլմերի աջակցության ծրագիր` ջանալով օժանդակել հայկական նոր կինոալիքի ձևավորմանը: 2012թ. ընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013-ին անգլիական Pollinger ltd-ից ստացել է Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը: Նույն թվականին` Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, կայացել է «Փասիանի որսորդը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմի «Աշուն» հատվածն է: 2013-ին «Փասիանի որսորդը» ստացել է Ազգային կինոմրցանակաբաշխության ՀԱՅԱԿ մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում: Մասնագետների գնահատմամբ` Մարինե Զաքարյանի ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի ժառանգության հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև տեխնիկական թարմությամբ և թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ:
2012-ից ֆիլմի արտադրությանն աջակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով: 2013թ-ին Պարալլելս Ֆիլմ կինոընկերությունը և Շարմ Հոլդինգը միավորել են իրենց միջոցները` ֆիլմի արտադրությունն ավարտելու համար: Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է Come on-a my house երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը:
Ֆիլմում նկարահանվել են Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նանոր Պետրոսյանը, Վիվիյեն Բաստաջյանը, Նարինե Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը: Պատանիների դերերում նկարահանվել են Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի և Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը, Աստղիկ Վարդանյանը, Ամալյա Զաքարյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում