Հասարակական

ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը

2 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռնամուխ է եղել վերականգնել Ստեփանավանի օդանավակայանի թռիչքուղին ու շենք-շինությունները, վերակառուցել այն` դարձնելով տարածաշրջանում մրցունակ օդանավակայան:

Այդ աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ ԱԻՆ-ին կհանձնի համապատասխան տրանսպորտային միջոց և գույք (մետաղյա թիթեղներ): Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնություն է ձեռք բերվել վերջինիս ամրակցված Զիլ-130 մակնիշի ԿՕ-002 տեսակի` 950.000 դրամ հաշվեկշռային մնացորդային արժեքով տրանսպորտային միջոցը ՀՀ ԱԻՆ-ին հատկացնելու համար: Համնաձայն նախագծի, որն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 13-ի նիստի օրակարգում, նշված տրանսպորտային միջոցը և մետաղյա թիթեղներն անհրաժեշտ են օդանավակայանում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման և իրականացման, մասնավորապես` տարածքը և թռիչքուղին բարեկարգ, մաքուր վիճակում պահելու, օդանավակայի անխափան շահագործումն ապահովելու, օդանավակայանի տարածքն ցանկապատելու համար:

«Ստեփանավանի օդանավակայանի տարածքը, շենքերը և թռիչքուղին ներկայումս գտնվում են անմխիթար վիճակում: Իրականացվող աշխատանքների շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների արդյունավետությունը և օպերատիվությունը, կզարգանա ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը, ՀՀ-ն կունենա ևս մեկ պահեստային օդանավակայան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 29-ին ընդունած համապատասխան որոշմամբ Ստեփանավանի օդանավակայանը հանձնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում