Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

«Վիքիմեդիա Հայաստան»-ը վիկիֆիկացնում է Հայկական սովետական հանրագիտարանը


ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիքիմեդիա Հայաստան»-ն ավագ դպրոցների օգնությամբ վիկիֆիկացնում է Հայկական սովետական հանրագիտարանը: Լրագրողների հետ հանդիպմանը «Վիքիմեդիա Հայաստան»-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը նշեց, որ   հանրագիտարանի վիկիֆիկացման մեջ մեծ ներդրում ունի հատկապես  «Այբ» ավագ դպրոցը: «Վիքիպեդիան այն հարթակն է, որտեղ համագործակցում են բոլորը: Մենք պետք է գնանք առաջ, փորձենք ե'ւ բովանդակային, ե'ւ ծավալային առումով հասնել առաջատար վիքիպեդիաներին: Բոլոր ցանկացողները կարող են ներգրավվել այս գործընթացին եւ հազարավոր մարդկանց ժամանակ խնայել: Սա այն եզակի նախագծերից է, որը համախմբում է ազգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

Կառույցի նախագահի խոսքով` «Վիքիմեդիա Հայաստան»-ի ուշադրության կենտրոնում է կրթական ոլորտը:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի հիմնադիր անդամ Լիլիթ Թարխանյանը նշեց, որ ավագ դպրոցներում ստեղծված վիքի-խմբակների օգնությամբ տարբեր նախագծեր են իրականացվում: «Աշակերտները թարգմանում են նյութեր անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով Վիքիպեդիաներից, սովորում պատկերազարդել հոդվածները»,- հավելեց հիմնադիր անդամը:

Անդրադառնալով «Վիքիմեդիա Հայաստան»-ի ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին, Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ դեկտեմբերից անցկացվում է Հայ-էստոնական համագործակցության միամսյակ: Նախագծի մասնակից վիքի-խմբագիրները կամ աշխատում են նախապես ստեղծված հոդվածների բարելավման վրա, կամ ստեղծում նոր հոդվածներ: «Համագործակցության վերջում լավագույն խմբագիրները կստանան խրոխուսական նվերներ, իսկ ամենալավագույնը` կմեկնի Էստոնիա»,- ասաց Մկրտչյանը:

«Վիքիմեդիա Հայաստան»-ը 2014թ.-ի հունվարին նախատեսում է կազմակերպել թեմատիկ խմբեր` (քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն եւ այլն), որի շնորհիվ կզարգանան այս ոլորտի հոդվածները:

«Վիքիմեդիա Հայաստան»-ը 2014 թվականին նախատեսում է նաեւ կազմակերպել Վիքիկոնֆերանս, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի մասնակցությունը «Վիքին սիրում է հուշարձաններ» եւ «Վիքին սիրում է բնություն» միջազգային մրցույթներին: 

Այս տարվա սեպտեմբերին հայերեն «Վիքիպեդիա»-ն համալրել է խոշորագույն «Վիքիպեդիա»-ների շարքը: Ստեղծվել է 100.000-րդ հոդվածը:  2011  դեկտեմբերին հայերեն «Վիքիպեդիա»-ն ուներ ընդամենը 16.000 հոդված եւ այդ ցուցանիշով 90-րդն էր: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ