Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Հայերեն Վիքիպեդիան հատել է 100.000 հոդվածի շեմը


ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն Վիքիպեդիան Հարավային Կովկասի երկրների լեզուներից առաջինը երեկ` դեկտեմբերի 2-ին, համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը՝ հատելով 100.000 հոդվածի շեմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ից, հոբելյանական հոդվածը Երևանի «Ղարաբաղցի կինը» քանդակի մասին է: Էջն ստեղծել է 23artashes մասնակիցը։

2013 թվականի կարևոր իրադարձությունն է նաև Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադրումը, որը նպատակ ունի աջակցել հայերեն ազատ բովանդակության ստեղծմանը: Այս նպատակով կազմակերպվող միջոցառումներից է հայ-էստոնական համագործակցության երկշաբաթյակը, որին մասնակցում են խմբագիրներ երկու երկրներից, և որը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։

Վիքիմեդիա Հայաստանը նաև յուրաքանչյուր շաբաթ օր իր գրասենյակում (Այգեստան 1/30) անց է կացնում բաց դասընթաց (վորքշոփ)` բոլոր խմբագրել ցանկացողների համար։ Կազմակերպության կոչն է գիտելիքն արժևորող անհատներին՝ միասին համալրել և հարստացնել Հայերեն Վիքիպեդիան։

Հայերեն Վիքիպեդիան սկսել է համալրվել 2005 թվականից: 2010 թվականին այն ուներ ընդամենը 10.000 հոդված։ Այս ցուցանիշը երեք տարվա ընթացքում տասնապատկվել է՝ շնորհիվ խմբագիրների և նրանց ակտիվության աճի։ Վիքիպեդիա նախագիծը զարգանում է իր ընթերցողների ներդրումների շնորհիվ․ այս ազատ հանրագիտարանը կարող է խմբագրել աշխարհում յուրաքանչյուր ոք: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ