Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ցոլակ Կանթեղ. Մամուլին նվիրված կեսդարյա կյանք

Ցոլակ Կանթեղ. Մամուլին նվիրված կեսդարյա կյանք

ԵՐԵՎԱՆ,  2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կես դարից ավելի գրքեր ձևավորող նկարիչ-լրագրող Ցոլակ Կանթեղը (Ղանդիլյան) հաջորդ տարի հանրությանը կներկայացնի խաչբառեր, բառաշղթաներ, գաղտնագրեր, գլուխկոտրուկներ և այլ խնդիրներ պարունակող իր «Ճանաչիր քո հայրենիքը» խաղ-գիրքը: Այս գիրքը կհամալրի նկարչի` Իսահակյանին, Թումանյանին, Չարենցին, Սևակին, Շիրազին նվիրված ժողովածուների շարքը:

«Ճանաչիր քո հայրենիքը» ժողովածուն կներկայացնի Հայաստանի արվեստը, պատմությունը, սպորտը և կարևոր այլ ոլորտներ: Գիրքը կհրատարակվի պետպատվերի շրջանակում:

«Խաղ-գրքեր ստեղծելուց բացի մշտապես ձևավորել և մինչ օրս էլ ձևավորում եմ թերթեր, գրքեր: Եթե նախկինում ձևավորել եմ տարեկան 10-12 գիրք, ապա այսօր` տարեկան ընդամենը մեկը: Համակարգիչն ազդել է նկարիչների աշխատանքի վրա: Եվ ինչպե՞ս են այսօր գրքեր ձևավորում: Շապիկները կրկնվում են, ձևավորումը միօրինակ է, իսկ մենք նախկինում մի գիրք ձևավորելու համար մի քանի էսքիզներ էինք մտածում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ցոլակ Կանթեղը:

Նկարիչ-լրագրողն այս տարի նշեց իր 70-ամյա հոբելյանը: Հոբելյանի առթիվ արվեստագետն արժանացավ ՀՀ ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալին և մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալին: 500-ից ավելի գրքեր ձևավորած և երկար տարիներ տարբեր թերթերում աշխատած Ղանդիլյանը 1968-ից առ այսօր մամուլում է:

Արվեստագետի ազգանուն Կանթեղյան է փոխել արձակագիր, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի հիմնադիր-խմբագիր Վարդգես Պետրոսյանը, քանի որ «ղանդիլ» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ճրագ», «կանթեղ»: Այնուհետև Ցոլակ Ղանդիլյանը դարձավ Ցոլակ Կանթեղ:  

«Այսօր «Կանչ» թերթն եմ ձևավորում: «Կանչ»-ում աշխատել եմ դեռ 1955 թվականից: Նախկինում այն կոչվում էր «Պիոներ կանչ» և միայն երկու գույնով էր լույս տեսնում: Մտածում ես` ախր սա մանկական թերթ է, պետք է ընկնի երեխայի ձեռքը, լավ կլինի, որ գունավոր լինի: Զրուցեցի խմբագրի հետ, և որոշեցինք, որ այն այսուհետև լույս կտեսնի ամսական երկու անգամ` բայց ավելի գեղեցիկ տեսքով, գունավոր»,- նշեց Ցոլակ Կանթեղը:

Արվեստագետն այսօր շատ ծաղրանկարներ ունի: Վերհիշեց, որ իր առաջին ծաղրանկարը ստեղծել է 1961 թվականին Չարենցի` «Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ» խոսքի ներշնչմամբ: «Ես փոխել էի Չարենցի բառերը հետևյալ կերպ. «Ինչքան որ սիրտ կա`բոլորը քեզ»: Նկարել էի մի աղջկա, որը նստած է աթոռին, և մի քանի խոհարարներ իրենց սրտերը մատուցում են նրան: Մինչ օրս պահել եմ իմ բոլոր աշխատանքները: Իմ ծաղրանկարներում հաճախ է հանդիպում Պեգաս առասպելական նժույգը: Պեգասի պատկերով գործերիցս մեկը մի քանի տարի պարբերաբար տպագրվում էր «Լիտերատուրնայա գազետա» թերթում` որպես մշտական խորագրորից մեկի ֆոն: Դրանից հետո ստեղծեցի «Գլուխներ» շարքը և սկսեցի մարդկանց գլուխների վրա «խաղեր» անել»,- վերհիշեց Ցոլակ Կանթեղը:

Արվեստագետն ափսոսանքով նշեց, որ այսօր ծաղրանկարներ շատ քիչ են պատվիրում:

Բացի ծաղրանկարներից, գծանկարներից, Ցոլակ Կանթեղը նաև գեղանկարներ է ստեղծում: Պատրաստվում է հաջորդ տարի հանրությանը ներկայացնել «Իմ ընկերները» դիմանկարների շարքը, որում ներառված են բազմաթիվ գրողների, նկարիչների, երաժիշտների, ընդհանրապես մշակութային գործիչների դիմանկարներ:

Ցոլակ Կանթեղը ծնվել է 1943 թվականի հունիսի 24-ին Գյումրիում: Եղել է հայտնի գեղանկարիչ Հակոբ Անանիկյանի աշակերտը: Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Աշխատել է «Գրական թերթ», «Խորհրդային Հայաստան», «Ավանգարդ», «Ոզնի», «Դպրություն», «Կանչ» և բազմաթիվ այլ պարբերականներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am