Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսը Վատիկանում մեծ հետաքրքրություն է առաջացրել
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Սուրբ Աթոռի Քարտուղարության Պալատում սբ Գրիգոր Լուսավորչի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցադրությունն իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ բացված ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հռոմ ռեփորթս»-ի էլեկտրոնային կայքը, փաստաթղթերի սև ու սպիտակ լուսապատճեններով ցուցադրությունը ներկայացնում է Լուսավորչի կենսագրությունը` որպես Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի եւ Հայաստանը` որպես աշխարհում քրիստոնեությունն առաջինը ճանաչած պետության:
Սբ Գրիգորին երկրպագում է ինչպես Հայ առաքելական, այնպես և Կաթոլիկ եկեղեցին: Վատիկանի սբ Պետրոս բազիլիկ եկեղեցու արտաքին պատի որմնախորշում 2005 թ. կանգնեցվել է նրա հուշարձանը, իսկ 2000 թ. Հովհաննես Պողոս II պապը սուրբ Գրիգորի մասունքներ է նվիրել Հայ կաթոլիկ եկեղեցուն: «Կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ սուրբ Գրիգորներ ունի, բայց այս ցուցահանդեսի անակնկալը կլինի հայկական սուրբ Գրիգորի բացահայտումը: Ցուցահանդեսի երկրորդ հատվածը կնվիրվի Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքների տարածման պատմությանը և նրա ներկայությանը Պոլսում, Հռոմում, Նարդոյում և այլուր»,- նշել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի օգնական Վարդան Կարապետյանը:
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ընդգծել սբ Գրիգոր Լուսավորչի ժառանգության մեծ կարևորությունը, այլև ՀՀ և պապական քաղաք-պետության` Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների նոր էջը:
2013 թ. ամռանը Սուբ Աթոռում բացվել է Հայաստանի Հանրապետություն առաջին դեսպանատունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում