Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթում Հայաստանը 4-րդն է 53 երկրների շարքում


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիքիպահեստը հայկական հուշարձանների մոտ 24 հազար լուսանկարներով է հարստացել: «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթի շրջանակներում 53 երկրներից ավելի քան 369 հազար 575 լուսանկար է բեռնվել Վիքիպահեստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դրանցից 23 հազար 926-ը հայկական հուշարձանների լուսանկարներ են. այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է։ Մրցույթի առաջատարը Լեհաստանն է՝ 47 հազար 966 լուսանկարով, երկրորդն Ուկրաինան է 35 հազար 710, երրորդը` Գերմանիան` 35 հազար 590 լուսանկարով։ Մրցույթը եզրափակվել է սեպտեմբերի 30-ին։

Մրցույթի մասնակիցներին խրախուսելու համար, հայաստանյան կազմակերպիչները ֆոտոզբոսանքներ են կազմակերպել Երևանում, Գորիսում, Շուշիում և Վանաձորում։ Այս միջոցառումների մասնակիցները փոքր խմբերով շրջել են իրենց քաղաքում, լուսանկարել պատմաճարտարապետական հուշարձաններ, ապա դրանք միասին բեռնել Վիքիպահեստ։

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի ավարտից հետո մասնակից յուրաքանչյուր երկրում տեղական ժյուրին ընտրելու է այդ երկրի հաղթողներին, իսկ միջազգային ժյուրին այդ հաղթողների միջից ընտրելու է միջազգային հաղթողներին։ Մրցույթի հայաստնյան մրցանակային ֆոնդը կազմում է 1,7 մլն դրամ: Միջազգային հաղթողն ստանալու է դեպի Լոնդոն ուղեւորության տոմս` «Վիքիմանիա» կոնֆերանսին մասնակցելու համար։

«Վիքին սիրում է հուշարձաններ»-ը Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Այն ամեն տարի անց է կացվում սեպտեմբերի 1-30֊ը։ Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ։ «Վիքին սիրում է հուշարձաններ»-ի հայաստնյան կազմակերպիչն է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-֊ն։ Գլխավոր աջակիցն է «Յուքոմ» ընկերությունը։ Մրցանակային ֆոնդի աջակիցն է «Վիքիմեդիա Հիմնադրամը»։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ