Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԼՂ Քաշաթաղի շրջանում սիրիահայերի վերաբնակեցման համար նոր բնակարաններ են կառուցվում

ԼՂ Քաշաթաղի շրջանում սիրիահայերի վերաբնակեցման համար նոր 
բնակարաններ են կառուցվում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում սիրիահայերի համար նոր բնակարաններ ու առանձնատներ են կառուցվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, բնակարանները կառուցվում են Իշխանաձորում, Կովսականում և Բերձորում: «Կովսականում արդեն կա 12 բնակարան ունեցող մեկ շենք և 4 առանձնատուն, որտեղ արդեն ապրում են սիրիահայերը: Մեկ առանձնատուն ունենք Իշխանաձորում և 3 բնակարան՝ Բերձորում: Այս պահին Կովսականում ու Իշխանաձորում շարունակվում են մեկական բազմաբնակարան շենքերի, իսկ Բերձորում՝ 2 առանձնատների կառուցումը»,- ասաց Մաթևոսյանը՝ տեղեկացնելով, որ բնակարաններն ու առանձնատները կառուցվել են տարբեր կազմակերպությունների՝ «Թուֆենկյան հիմնադրամ»-ի, «Օգնիր եղբորդ» ծրագրի և այլ ծրագրերի աջակցությամբ:

Արդեն 80 տոկոսով պատրաստ է Կովսականում կառուցվող բազմաբնակարան շենքը, որտեղ այս պահին կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Իշխանաձորի շենքը պատրաստ է 50-60 տոկոսով, իսկ Բերձորի բնակելի շենքը դեռ նոր են սկսել կառուցել: Ինչպես վստահեցրեց Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետը, բոլոր շենքերն էլ այս տարի անպայման կբնակեցվեն:  «Բնակարանների ապագա բնակիչներն արդեն տեղավորված են այդ վայրերում. նրանք առայժմ ապրում են հյուրանոցում, որը գտնվում է վարչակազմի տրամադրության տակ: Մի մասն էլ հարազատների հետ է ապրում: Օրինակ՝ մի ընտանիք, որն արդեն ունի բնակարան, ապրում է եղբոր ընտանիքի հետ, ով սպասում է իր բնակարանի պատրաստ լինելուն»,- նշեց Մաթևոսյանը:  

Իշխանաձորում հաստատված սիրիահայ բնակիչներն արդեն սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ: Նրանք տեղափոխվել են Սիրիայի Ղամիշլի քաղաքից, որտեղ նույնպես հողագործությամբ են զբաղվել: Կովսականում կա բժիշկների ընտանիք, ովքեր աշխատում են տեղի հիվանդանոցում: Իսկ Բերձորում բնակվողները հիմնականում արհեստավորներ են՝ ավտոմեխանիկներ, ավտոշարժիչագործներ, վարորդներ, ովքեր իրենց համապատասխան աշխատանքով են ապահովված: «Բոլոր նրանք, ովքեր աշխատելու ցանկություն ունեն, անպայման աշխատում են, մենք նրանց օժանդակում ենք: Պետական կառույցում աշխատել ցանկացողները նույնպես ունենում են այդ հնարավորությունը: Ճիշտ է, աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան Սիրիայում են ստացել, սակայն նրանց նկատմամբ վերաբերմունքը շատ լավ է: Նրանք բավական ազգասեր մարդիկ են, պահպանել են ազգային ավանդույթները: Մենք էլ իրենցից բան ունենք սովորելու՝ աշխատասիրությունն ու ավանդապահությունը»,- նշեց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետը՝ կատակելով, որ սիրիահայերի՝ Քաշաթաղում ապրելու ցանկությունը շատ մեծ է, քանի որ այն հայոց աշխարհի ամենաանվտանգ տարածքն է:

Ռոբերտ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ Քաշաթաղի շրջանում ապրում է 38 սիրիահայ ընտանիք, որոնք արդեն ցանկություն են հայտնել ապրելու նորակառույց բնակարաններում: Դեռ 10 ընտանիք էլ տեղեկացրել է, որ գալու է:  «Մենք վստահ ենք, որ ցանկացողներ շատ կլինեն: Երբ իմանան, որ բնակության ու աշխատանքի հարցը լուծված է, սիրիահայերն անպայման կգան: Այստեղ երեխաները նույնպես իրենց լավ են զգում: Լուծված է նաև նրանց կրթության հարցը: Ուսուցիչներ ենք առանձնացրել, ովքեր դասերից դուրս զբաղվում են երեխաների հետ»,- շեշտեց նա:  Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետի խոսքով` նույնիսկ ընտանիք կա, որի ավագ որդին կամավորության սկզբունքով ծառայում է ԼՂ զինված ուժերում:

Բնակություն հաստատելու նպատակով Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն աճել է: Վերջին շրջանում ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ամսական շուրջ 350-400 սիրիահայ: Այժմ Հայաստանում ապրում է 9,5-10 հազար սիրիահայ, որոնցից հազարն արդեն աշխատանք ունի: Տարբեր գերատեսչությունների աջակցությամբ աշխատանքի են ընդունվել շուրջ 800 սիրիահայեր, որոնք էլ աջակցել են աշխատանքի ընդունվել իրենց 200 հարազատներին ու մտերիմներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am