Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնն առաջարկում է Հանրապետության հրապարակում վերականգնել Լենինի արձանը


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը` արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթին, առաջարկում է Լենինի արձանի տեղում կրկին տեղադրել Լենինի արձանը և վերականգնել ժամանակին ապամոնտաժված տրիբունան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնից, նման առաջարկը հիմնավորուվում է մի շարք իրողություններով: Մասնավորապես, հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով, իսկ Լենինի արձանի տեղադրումը կարող է զգալիորեն թեթևացնել տրանսպորտային գերծանրաբեռնվածությունը հրապարակում, բացի այդ, Լենինի պես հզոր քաղաքական առաջնորդի արձանը կարող է մեծ ստվեր գցել Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ձևավորված ակտիվ սիլուետների վրա` թուլացնելով դրանց բացասական ազդեցությունը: Հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են և դրանց կարևորությունը շեշտադրելու համար հարկավոր է ազդեցիկ արձան, կառուցվել է երկու կարևորագույն հրապարակների միջև հետիոտն կապ հանդիսացող Հյուսիսային պողոտան, քանդվել է Իսահակյանի անվան գրադարանը, վաճառվել է ԱԳՆ շենքը եւ, ի վերջո, Հանրապետության հրապարակը, հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ, արժանի է ունենալ այն տեսքը, որն ի սկզբանե որոշել էին հրապարակի հիմնադիրները:

Այս հայեցակարգային նախագիծը ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի կողմից նախատեսվում է ներկայացնել մրցութային հանձնաժողովի ուշադրությանը սահմանված ժամկետներում, 1:400 մասշտաբի կից մանրակերտով: Հաշվի առնելով Երևան քաղաքում առկա բազմաթիվ խնդիրները` այս նախագիծը հնարավորություն է տալիս նաև խնայել քաղաքապետարանի միջոցները` դրանք ոչ պակաս կարևոր այլ նպատակներով տնօրինելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ