Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

«Արարատ 73»-40 տարի անց. Սուրեն Մարտիրոսյանի հիշողություններում թարմ է «Արարատ, հուպ տուր»-ի մոգական ազդեցությունը

«Արարատ 73»-40 տարի անց. Սուրեն Մարտիրոսյանի հիշողություններում թարմ է 
«Արարատ, հուպ տուր»-ի մոգական ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵնՊՐԵՍ: Լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլային ակումբի պաշտպան Սուրեն Մարտիրոսյանը ջերմորեն է հիշում 1973 թվականի վառ ու հաղթանակներով լի օրերը: Նրա պատմությունը հարուստ է զվարճալի դեպքերի հիշողությամբ ու խաղընկերների մասին հետաքրքիր բացահայտումներով: «Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել տարիների հեռվից «Արարատ 73»-ի երբեք չմարող ու սերունդներին հպարտություն պարգևող այդ հաղթանակների կերտման նորահայտ մանրամասները:

Պատմում է Սուրեն Մարտիրոսյանը

Ծնվել է 1949-ին: Պաշտպան եւ կիսապաշտպան: սպորտի վարպետ:  ԽՍՀՄ ֆուտբոլի Ա խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1968 թվականից:  1973 թվականի երկիր գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության հղթող: 1973 ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների կազմումԼ Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի  պատվոգրով: Մասնակցել է 79 խաղի, խփել 1 գնդակ:

-40 տարի է անցել «Արարատ»-ի հաղթական 1973 թվականից, ինչպե՞ս է այն մնացել Ձեր հիշողությունում:

-Կարծում եմ, կարեւորը ոչ թե մեր, այլ ժողովրդի հիշողությունն է: Հաճախ պատահում է, որ մեր տարիքի մարդիկ կամ մեզնից փոքրերը տեսնում են մեզ փողոցում, մոտենում են, հիշում, ուրախանում այդ օրերով: Հենց մեր ժողովուրդը չի մոռանում: Այսքան տարի է անցել, բայց դեռ հիշում է ու հպարտանում: Ու երբ հիշում են, մենք մի տեսակ ջահելանում ենք, դառնում այդ ժամանակների երիտասարդները: Կարծում եմ` այն դեռ երկար կհիշվի:

-Հիմա «Արարատ 73» լսելիս,  ի՞նչն եք առաջինը մտաբերում:

-Գուցե տարօրինակ թվա, բայց հիշում եմ երկրպագուների ««Արարատ», հուպ տուր» բացականչություները: Այդ խոսքերը շատ էին մեզ օգնում: Հենց իրենց օգնությամբ մենք հաղթեցինք: Ուր էլ գնայինք հանդիպման, ամենուր այդ ««Արարատ», հուպ տուրը» լսվում էր մարզադաշտում: Համոզված էինք, որ երկրպագուները միայն տեղի հայերը չէին, Հայաստանից էլ էին մարդիկ գալիս: Եվ, վերջապես, այդ տարի ես երկրորդ անգամ հայր դարձա: Միշտ աղջկաս ասում եմ, որ դու իմ ոսկե եւ «խրուստալնի» աղջիկն ես: 

 

-1973-ին Ձեզ` «արարատցիներիդ», հաջողվեց երկու գագաթ նվաճել` ԽՍՀՄ գավաթը եւ  Բարձրագույն լիգայի չեմպիոնությունը, ինչի՞ հետ եք կապում այդ կրկնակի հաջողությունը:

-«Արարատ»-ն արդեն պատրաստ էր նման հաջողության: Եվ հենց մեր ժողովուրդն էր, որ սպասում էր ինչ-որ վերելքի: Բոլորն էին սպասում այդ հաղթանակին, քանի որ մեր ազգի մեջ առաջին անգամն էր, որ թիմային հաղթանակ պիտի լիներ: Մենք տոնել էինք Տիգրան Պետրոսյանի հաղթանակը` շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելիս, Յուրի Վարդանյանի ռեկորդները եւ Օլիմպիական չեմպիոնությունը, իսկ մենք թիմով էինք հաղթել: Բացի դրանից, ֆուտբոլը շատ մասսայականություն է վայելում ամենուր, եւ մեր ժողովրդի մեջ էլ շատ է ընդունված: 

-Պաշտպան էիք: Անցկացրած խաղերի ընթացքում ընդամենը մեկ գոլ եք խփել: Պատմեք խնդրեմ Ձեր առաջին եւ վերջին գնդակը ո՞ւմ դարպասին խփեցիք:

-Մեր հարձակվողներից շատերին, երբ հարցնում են` հիշում ես այս կամ այն խաղի ժամանակ խփած գոլերդ, հաճախ ասում են` ոչ: Իսկ ես միշտ հիշում եմ, որովհետեւ ընդամենը մեկ գոլ էր: Դա Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ խաղում էր: Մեր կիսապաշտպաններից Մարկարովը մոտ 25 մետրից տուգանային հարված կատարեց, ես այդ տարածքում էի եւ խփեցի: Նրանց դարպասապահը համբավավոր Միլլեսն էր: Նա միայն կարողացավ մատների ծայրով դիպչել գնդակին, բայց, ինչպես ասում են, լինելու բանը պետք է լինի: Եվ իմ խփած այդ միակ գնդակն էլ մեզ հաղթանակ բերեց: Այդ հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով` 0-1: 

-Եղե՞լ են զվարճալի պահեր, որոնք մտապահել եք հաղթանակների բերկրանքով հիշվող այդ օրերից:

-Մենք թիմում շատ մոտ ու ընկերական էինք միմյանց հետ: Հիշում եմ Լեւոն Իշտոյանին դիմում էինք Իշտո, Նիկոլայ Ղազարյանին «թռչող հոլանդացի». գիտեք` նա շատ արագաշարժ էր, եւ կասեմ`  անգամ Օլեգ Բլոխինից: Սերգեյ Բոնդարենկոյին «Բոնդ» էինք ասում, Ջեյմս Բոնդի «պատվին», եւ ինքն էլ այդպես էր ստորագրում` Բոնդ: Զվարճալի, ծիծաղաշարժ իրավիճակներ շատ են պատահել: Այդպիսի մեկը պատմեմ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ գնացինք ուսումնամարզական հավաքի: Վահագն Օրդյանը նոր էր նշանակվել մեզ բժիշկ: Իշտոյանի մոտ այդ ժամանակ գլխի հետեւում մազեր չկային: Այդպիսին էր նաեւ նոր բժշկի մոտ: Ես եւ Նորիկ Դեմիրճյանը նստած էինք բժիշկ Օրդյանի հետեւում, եւ մեզ թվում էր, թե առջեւում Իշտոյանն է նստած: Ճանապարհին պնդուկ էինք ուտում: Մենք անընդհատ խփում էինք Վահագնի գլխին, կարծելով թե Իշտոյանն է: Մի անգամ խփեցինք, երկու, երեք, իսկ Օրդյանը ոչ մի արձագանք չէր տալիս: Ես անհանգստացած կրկնում էի. «Նորիկ, գուցե Իշտոյանը չէ»: Մի քանի անգամ խփելուց հետո Վահագնի համբերությունը սպառվեց, եւ շրջվելով մեզ ասաց. «Տղաներ, ինչ եք ուզում նոր եմ եկել, թողնեմ գնամ, հա»: Հետո պարզվեց, որ Իշտոյանը մեր թիկունքում էր նստած: 

-Ինչպիսի մարզիչ, ընկեր, ուսուցիչ էր Նիկիտա Սիմոնյանը:

-Առաջին հերթին Սիմոնյանը անսահմանորեն մարդկային էր: Ես կարծում եմ, որ մեծ էր նրա դերը մեր թիմի այդ հաջողության մեջ: Նա շատ շուտ էր կողմնորոշվում, մեզ հասկանում: Դե, մենք այն տարիքին էինք, որ պատրաստ էինք ամեն ինչի, փորձն էլ արդեն կար: Սիմոնյանին մնում էր միայն մեզ ճիշտ տեղաբաշխել մարզադաշտում: Վերջինս նաեւ շատ բախտավոր մարզիչ էր: Բոլորը գիտեին, որ Նիկիտա Սիմոնյանը հաջողակ է, ուր գնում էր, հաստատ մի մրցանակ նվաճում էր: 

-Ֆուտբոլը թողե՞լ եք վերջնականապես, թե դեռ կապը կա:

-Ոչ, ցավոք սրտի, կապ այլեւս չունեմ: Թոշակառու եմ:

-Իսկ Սուրեն հայրիկի կամ պապիկի ֆուտբոլային ուղին շարունակող կա՞ ընտանիքում:

-Երեք թոռնիկ ունեմ միայն մեկն է այստեղ, երկուսը Մոսկվայում են ապրում: Փոքր թոռնիկս Մոսկվայում զբաղվում եւ մարզվում է ֆուտբոլով: Սկզբնական շրջանում մարզվում էր «Լոկոմոտիվ»-ի, Մոսկվայի «Դինամո»-ի մարզադպրոցում: Բայց քանի որ Մոսկվան շատ մեծ է եւ տեղաշարժվելը բավականին ժամանակատար էր, հիմա Մարինյան շրջանի «Մոսկվիչկա» ակումբում է խաղում:       

-«Դինամո»-«Արարատ» գավաթի եզրափակիչ. դուք չմասնակցեցիք այդ խաղին դեղին քարտի պատճառով: Ինչպե՞ս սկսվեց Ձեզ համար այդ օրը: Ինչպե՞ս եք հիշում այժմ:

-Սկսեմ նրանից, որ այդ օրն ինձ համար ամենատխուր օրն էր, բայց դարձավ ամենաուրախը: Այդ խաղի նախորդ խաղում Երեւանում հյուրընկալել էինք Մոսկվայի «Դինամո»-ին եւ հանդիպումը դատում էր Բախրամովը` ադրբեջանցի մրցավարը: Ես ստացա իմ երկրորդ դեղին քարտը, եւ այդ ժամանակ այսպիսի մի կանոն կար, երկրորդ դեղինի դեպքում բաց ես թողնում հաջորդ պաշտոնական հանդիպումը: Երբ հասանք Մոսկվա, Նիկիտա Սիոնյանն ասաց, որ ես բոլորի պես նախապաստրաստվեմ, ինքը գնա Ֆեդերացիա խոսելու, համոզելու, որ ինձ թույլատրեն խաղալ: Հաջորդ օրն առավոտյան տխուր մոտեցավ ինձ ու ասաց հետեւյալը .«Պետք է քեզ տխրեցնեմ, պետք է բաց թողնես այս հանդիպումը»: Եվ դա եղավ իմ տխուր օրը, որը վերածվեց ամենաուրախալի օրվան: 

-Հիմա սիրելի ակումբ ունե՞ք,  հետեւո՞ւմ եք ազգային հավաքականի խաղերին:

-Կստեմ, եթե ասեմ, որ մոլի երկրպագուի պես նայում եմ ամեն խաղ, բայց Մեսսիի խաղի շնորհիվ հետեւում եմ «Բարսելոնա»-ի մրցելույթներին: Իսկ ազգային հավաքականի խաղերից ոչ մեկը բաց չեմ թողնում: Ներկա էի ՀՖՖ-ի անցկացրած «լավագույն մարզիչ» մրցանակաբաշխությանը: Երբ տղաներին մոտիկից տեսնում, ճանաչում եւ շփվում ես հետները, նոր հասկանում ես ինչքան լավն են մեր հավաքականի տղաները: Հույս ունեմ, որ մեր ֆուտբոլը մեծ ապագա ունի:     

Սուրեն Մարտիրոսյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

Լուսանկարները` «Արմենպրես»-ի արխիվի եւ Սամվել Բերքիբեկյանի




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ