Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բացվեց Մայիսյան հաղթանակների հուշահամալիրը

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում բացվեց Մայիսյան հաղթանակների հուշահամալիրը

ԳԱՎԱՌ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում հանդիսավորությամբ բացվեց մայիսյան հաղթանակների խորհուրդը հավերժացնող հուշահամալիրի բացումը: Հուշահամալիրը կառուցվել է վերջին երկու տարիների ընթացքում Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղական բյուջեից հատկացված ութ միլիոն դրամի հաշվին: Այն վեր է բարձրանում գյուղի հարավարեւելյան թեւում` Մեծ հայրենականի զոհերի հուշարձանի անմիջական հարեւանությամբ: Հիշատակի տուֆակերտ պատը եւ զանգակատունը նոր տեսք ու շուք են հաղորդում Մեծ հայրենականի զոհերի հուշարձանին` ավելի ամբողջական ու արտահայտիչ դարձնելով Մայիսյան եռատոնի խորհուրդը: Հուշարձանի բացմանը, որը վերածվել էր համաժողովրդական  տոնախմբության, մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գավառի զինկոմիսարիատի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, մանկավարժներ, համայնքների ղեկավարներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զինվորականներ, բարձրաստիճան զինվորականներից` Արցախյան ազատամարտի վետերան, գեներալ-մայոր Արսեն Ֆիդանյանը: Հուշարձանի բացման եւ օծման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Բաց թողնված զույգ աղավնիները, օդ ճախրելով, տեւականորեն, մինչեւ միջոցառման ավարտը, նստած մնացին զանգակատան կատարին: Շնորհավորանքի եւ բացման խոսքով հանդես եկան գյուղապետ Վանիկ Հարությունյանը եւ Գավառի տարածքի Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի նախագահ, 90 տարին բոլորած, ծնունդով գանձակցի Խաչիկ Սարգսյանը: Նրանք, գրեթե իրար լրացնելով, իրենց խոսքերում շեշտեցին, որ մեր ժողովրդի կամքն անսասան է, եւ նա ոչ մի ժամանակ չի մոռանալու իր հերոսներին, ովքեր կռեցին պատմական հաղթանակները եւ մեր բազմաչարչար հողին պարգեւեցին խաղաղություն ու զարգացում: Իր խոսքում գեներալ-մայոր Արսեն Թեւանյանն էլ շեշտեց, որ մեր հաղթական բանակը 21 տարիների ընթացքում ոչ միայն թշնամուն մի թիզ հող չի զիջել, այլ նաեւ իր հզորությամբ ու մարտունակությամբ միշտ պահելու է մեզ համար այնքան երազած ու բաղձալի խաղաղությունը: Ապա գանձակցիների եւ հյուրերի հոծ բազմությունը շարժվեց դեպի մշակույթի տան դահլիճ եւ արարողությունների սրահ` մասնակցելու տոնական ճաշկերույթին: Ճաշկերույթից հետո հանդիսության մասնակիցները դիտեցին Հայաստանի Պարի պետական անսամբլի ելույթները: Հանդիսությանն ու ճաշկերույթին մասնակցում էին նաեւ  գանձակցի նորակոչիկները, ովքեր գարնանային զորակոչի ընթացքում համալրելու են  Հայոց բանակի շարքերը: Գավառի զինկոմ Խաժակ Սուչյանը, Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք շնորհավորեցին նորակոչիկներին` մաղթելով նրանց խաղաղ ու անխաթար ծառայություն: Տոնախմբությունները Գանձակում կշարունակվեն մինչեւ ուշ երեկո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am