Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունել է հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանություններ ճանաչող ակտ

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ընդունել է հայերի, ասորիների եւ 
հույների ցեղասպանություններ ճանաչող ակտ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը օրենսդիր խորհրդի մայիսի  1-ի նիստում միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունների վերաբերյալ ակտ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Assyrian International լրատվական գործակալությունից, միջնորդությունը ներկայացվել է Ասորական համընդհանուր դաշինքի, Ավստրալիայի հունական խորհրդի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից: «Տարիներ շարունակ թե պալատի, թե օրենսդիր խորհրդի բազմաթիվ խորհրդարանականներ բարձրացրել են ասորիների, հայերի եւ հույների ցեղասպանությունների ճանաչման հարցը: Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը, 1997 թվականին ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդությունը, ճանապարհ հարթեց խնդրի լուծման համար: Ես հորդորում եմ ավելացնել նաև ասորական եւ հունական ցեղասպանությունների ճանաչման միջնորդությունն ընդունելու ջանքերը: Այս հարցը պատմական նշանակություն ունի, իսկ պատմությունը չպետք է ջնջվի և մոռացվի: Մենք պետք է հիշենք եւ բարձրաձայնենք ճշմարտությունը»,- հայտարարել է Օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդերիկ Ջոն Նայլը:

«Սա աննախադեպ իրադարձություն է ասորի ժողովրդի պատմության մեջ: Ասորիները տարիներ շարունակ պայքարում են Օսմանյան կառավարության կողմից 1914-1923թթ իրականացված ասորիների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այս ճանաչումը հզոր հակազդեցության միջոց կարող է ծառայել նրանց համար` հատկապես ժամանակից Թուրքիայի, որտեղ շարունակում են անտեսել կամ ժխտել Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականցված ցեղասպանությունները»,- նշել է Ասորական համընդհանուր դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Հերմեզ Շահենը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 1997թ. ապրիլի 17-ին ընդունել է բանաձև, որում ընդառաջելով տեղի հայ համայնքի ցանկություններին, դատապարտել է Օսմանյան կայսրության տարածքում կատարված ոտնձգությունները` որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ապրիլի 24-ը հայտարարել է հայ զոհերի հիշատակի օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am