Ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության օրակարգում. ՀՀ ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցը ՀՀ կառավարության այսօրվա օրակարգում է, որի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն է ամրագրվել ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ռուսական հայտնի «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը կարող է կասեցվել, Նալբանդյանն ընդգծել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Երեւանում «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հարցեր:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ ներկայում Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը պարբերաբար հզորացվում է, ու այդ պարագայում Հայաստանին մեծապես աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը:
Պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության անցկացման հնարավորությունների մասին հարցին` Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ խոսել է Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկման վերականգնման հարցում իր շահագրգռության մասին: «Մենք դա ոչ միայն կողջունենք, այլեւ կաջակցենք այդ գաղափարի իրագործմանը»,-շեշտել է նախարարը:
Ռուսական լրատվամիջոցի ներկայացուցիչը հետաքրքրվել է նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ընթացքով: Նալբանդյանն ի պատասխան ընդգծել է, որ այս հարցը ՀՀ կառավարության 2012-2017թթ ծրագրերում է ներառված` ելնելով հաղորդակցության ուղիները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունից: Նախագծի շուրջ աշխատանքներն այս պահին մշակման փուլում են, հստակեցվում են տեխնիկական չափորոշիչները: Այս գործընթացին աջակցում է նաեւ Հարավկովկասյան երկաթուղու դուստր ձեռնարկություն «Ռուսական երկաթուղիները»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում