Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Candoco ժամանակակից պարի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Candoco ժամանակակից պարի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ եւ նույն թատրոնի պարողների մասնակցությամբ «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ: Ցուցադրություններին աջակցում է Բրիտանական խորհուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական խորհրդից, Candoco ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մոտ կոտրում են մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը, իսկ մարդկանց միջև համագործակցությունը դարձնում գործի էությունը:

Իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը ողջ աշխարհում: «Երեք գործողությամբ ներկայացում»-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է: Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարը ներկայացնում է մի զույգի լճացած հարաբերությունները, որը բեմադրելիս դե Ֆրուտոսը ոգեշնչվել է Թենեսի Ուիլիամսի Camino Real (1953) ներկայացումով և Լիլա Դաունսի մեքսիկական ռանչեռա երաժշտությամբ: Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ներկայացումը նոր կյանք և ոճ է ստացել հանրաճանաչ Լորի Անդերսենի կատարմամբ և Candoco ժամանակակից պարի թատրոնի յուրօրինակ մատուցմամբ:

Թատրոնի և պարի հռչակավոր վարպետ Ուենդի Հյուսթոնը համադրում է շարժումը խոսքերի հետ, իսկ իմաստը`հումորի: Imperfect Storm-ը, որը մասամբ հիմնված է Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի վրա, իր հատուկ մշակված զգեստներով և թատերական շարժումներով յուրահատուկ ոճ է տալիս այս ստեղծագործությանը: Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Սահմաններից ներս» ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր Մարգըրեթ Ոիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը: BBC-ի և British Arts Council-ի պատվիրած ֆիլմը դիտումից հետո թողնում է մշտական շարժման զգացողություն: Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայ մասնակիցների համար: Այս այցելության ընթացքում ևս կանցկացվեն վարպետության դասըթնացներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am