IBM-ը լավագույն ընկերությունն Է ճանաչվել կին ղեկավարների համար
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կին ղեկավարների ամերիկյան ազգային ընկերակցությունը (National Association of Female Executives, NAFE) IBM-ին առաջին տեղն Է հատկացրել ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց համար լավագույն ընկերությունների ցուցակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NAFE-ի կայքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ընկերակցությունը կազմել Է հինգ տասնյակ ընկերությունների վարկանիշը՝ գնահատելով այն, թե այս ընկերությունները որքանով են նպաստավոր կին ղեկավարների համար: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել, թե քանի կին Է աշխատում ընկերությունում, ինչ մակարդակի պաշտոններ են նրանք զբաղեցնում եւ ինչ ազդեցություն ունեն նրանք ընկերության քաղաքականության վրա: Որպեսզի ընկերությունը հայտնվի ցուցակում, նրա տնօրենների խորհուրդն իր կազմում պետք Է ունենա նվազագույնը երկու կին: Վարկանիշում ներառվել են միայն խոշոր կորպորացիաները, որոնց հաստիքացուցակում կա առնվազն հազար մարդ:
Այսպես, NAFE-ի տվյալներով՝ IBM-ում աշխատում Է ավելի քան 12 հազար կին, որոնք կազմում են կորպորացիայի մենեջմենթի 27 տոկոսը եւ վարչության անդամների 23 տոկոսը:
Ընկերակցությունը նաեւ նշել Է ամերիկյան Abbott դեղագործական ընկերությունը, որի մենեջմենթը 42 տոկոսով բաղկացած Է կանանցից: Դրա հետ մեկտեղ վերջին տասնամյակի ընթացքում ընկերությունում կանանց թվաքանակն ավելացել Է 70 տոկոսով: NAFE-ն նաեւ նշել Է, որ Prudential Financial ֆինանսական կորպորացիայում MBA ծրագրով սովորողների մեծամասնությունը կանայք են:
Կին ղեկավարների ազգային ընկերակցությունը կին ձեռնարկատերերի մասնագիտական միավորում Է եւ ղեկավարվում Է Working Mother Media հրատարակչական տան կողմից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում