Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ԱՄՆ-ի համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է. Ջոն Հեֆերն

Հայաստանն ԱՄՆ-ի համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է. Ջոն 
Հեֆերն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում պաշտոնավորումն է սկսել նոր պետքարտուղար Ջոն Քերին: Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

-ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի պաշտոնակալմամբ կփոխվի՞ արդյոք ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում:

-Հայաստանը Միացյալ Նահանգների համար արժեքավոր բարեկամ ու գործընկեր պետություն է: Մեր հարաբերություններն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն, և մենք ունենք ընդհանուր շահերի լայն շրջանակ, մասնավորապես՝ խաղաղության պահպանում ու տարածաշրջանային անվտանգություն, մեր տնտեսությունների համար շահեկան առևտրի ու ներդրումների խթանում, ժողովրդավարական գործընթացների ու օրենքի գերակայության առաջ մղում: Մենք նաև հետաքրքրված ենք Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացմամբ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնախումբը քննության է առնում գործնական միջոցներ, որոնք զարկ կտան Հայաստանի տնտեսության մրցունակությանը և կխորացնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերը: Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ իր ունեցած ամուր կապերը: Մենք ցանկանում ենք տեսնել առավել ուժեղ ու առավել բարեկեցիկ Հայաստան: 

-Ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի նոր պետքարտուղարը հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստանին եւ Արցախին տրվող աջակցության եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերում:

-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում հաստատվելու հետ կապված Սենատում անցկացված լսումների ժամանակ հանդես է եկել այդ խնդիրների վերաբերյալ հայտարարություններով: Նա նշել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ հակամարտության կողմերը պետք է խնդիրը լուծեն դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը ավելի վաղ հայտարարել է, որ դեմ է կողմերի այն քայլերին, որոնք մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և սպառնում են վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ որպես համանախագահող երկիր, ԱՄՆ-ն արագ արձագանքեց, երբ նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվեցին, և վարչակազմը այդ օրից շարունակում է բարձրացնել խնդիրը թե՛ երկկողմ քննարկումներում, թե՛ ԵԱՀԿ համանախագահների միջոցով: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակեմ աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին և ընդդիմանալ դրան վնաս հասցնող ու տարածաշրջանում լարվածություն ստեղծող ցանկացած քայլի: Միացյալ Նահանգների կառավարությունն ընդունում է պատմական  փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին կոտորածների ու տեղահանության զոհ են դարձել մեկուկես միլիոն հայեր և ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքում ապրող հայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, և մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը: Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում, որպես պետքարտուղար, իմ պարտականությունն է լինելու հավատարմորեն ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Նախագահը նշել է իր ապրիլքսանչորսյան ելույթներում, 1915թ. փաստերի ամբողջական, անկեղծ արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա հավելել է, որ դեպի առաջ ընթանալն անհնար է առանց անցյալի փաստերը հաշվի առնելու և կոչ արեց թուրք և հայ ժողովուրդներին առերեսվել պատմությանը: Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակներում հորդորում է Թուրքիային աշխատել Հայաստանի հետ և արդյունավետ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման, երկու երկրների միջև փոխադրումների, հաղորդակցության, կապուղիների վերականգնման և դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման հարցերում:

Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի երկու երկրները միասին  կարողանան ձևավորել խաղաղ, արդյունավետ ու ծաղկուն հարաբերություններ: Միացյալ Նահանգները կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը կարևոր է ոչ միայն երկու երկրների ապագայի համար, այլ Կովկասում տևական կայունության ու անվտանգության ապահովման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ որպես այդ երկու երկրների հետ մեր երկխոսության շրջանակում ներառված կարևոր թեմա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am