Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի կնվիրվի Վահրամ 
Փափազյանի ծննդյան 125-ամյակին

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը, այն այս տարի կնվիրվի հռչակավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, մասնակցության հայտերը թատրոններից եւ թատերախմբերից կընդունվեն մինչեւ մարտի 1-ը: ««Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչեւ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում` առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին»,- տեղեկցրեց Վլադ Մուրադյանը:

«Արտավազդ» մրցանակ կտրվի հետեւյալ անվանակարգերում` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար, լավագույն կին եւ տղամարդ դերակատար, երկրորդ պլանի լավագույն կին եւ տղամարդ դերակատար, լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենոգրաֆիա, երաժշտական լավագույն ձեւավորման հեղինակ, լավագույն պիես, լավագույն երիտասարդ դերասան-դերասանուհի, լավագույն երիտասարդ բեմադրիչ, լավագույն երիտասարդական ներկայացում եւ լավագույն ներկայացում:Ժյուրիի կազմում են թատերական ոլորտի գործիչներ Դավիթ Մուրադյանը, Սուրեն Հասմիկյանը, Հրաչյա Գասպարյանը, Լևոն Մութաֆյանը, Ռուզաննա Առաքելյանը, Նվարդ Ասատրյանը, Նարինե Գրիգորյանը: Բոլոր անվանակարգերում ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը կարող է քվեարկել մինչեւ երկու մասնակցի կամ աշխատանքի օգտին. կհաղթի 5 կամ ավելի ձայներ հավաքողը: Մրցանակակիրներն «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խորհրդանշող դիմակներով զարդարված թագից բացի կստանան նաեւ դրամական պարգեւներ:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին` սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»: 1999 թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում եւ միայն անցյալ տարվանից է սկսել նշվել մեծ շուքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am