Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

«ՀԱՄԱՍ»-ի դերակատարումը տարածաշրջանում ակտիվանում է. արաբագետի վերլուծություն


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր տևած պաղեստինաիսրայելական հակամարտությունն ավարտվեց նոյեմբերի 21-ին հակամարտող կողմերի` «ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամական խմբավորման և Իսրայելի միջև եգիպտաամերիկյան միջնորդությամբ ստորագրված զինադադարով` «անդորր անդորրի դիմաց» սկզբունքի հիման վրա: Զինադադարից անմիջապես հետո հակամարտող կողմերը հայտնեցին կոնֆլիկտից իրենց հաղթանակած դուրս գալու մասին: Նույնն արեց նաև «ՀԱՄԱՍ»-ը` տոնելով և ներկայացնելով իր գործողությունը որպես հաղթանակ Իսրայելի նկատմամբ:

Նոր զարգացումները ցույց տվեցին, որ «ՀԱՄԱՍ»-ը 2008թ. ի վեր ամրապնդել է իր դիրքերը` ավելացնելով սեփական հնարավորությունները տարածաշրջանում` օգտագործելով հեռահար գործողության ռազմական միջոցներ, ոչնչացնելով իսրայելական անօդաչու թռչող սարքեր, իրականացնելով ահաբեկչական գործողություններ, զանգվածային հրթիռակոծության ենթարկելով Իսրայելի տարածքը` սպառնալով Թել Ավիվին և Երուսաղեմին: Նմանօրինակ գործողություններով «ՀԱՄԱՍ»-ը ստիպում է հաշվի նստել իր հետ:

Լինելով իսլամական արմատական կառույց և նպատակ ունենալով Պաղեստինում  ստեղծել իսլամական պետություն, «ՀԱՄԱՍ»-ն իր գաղափարախոսությունը կառուցում է հակասիոնիստական ուղղվածության հիմքի վրա` սեփական հռչակագրում ամրագրելով այն դրույթը, որ «Իսրայելը պետք է գցել ծովը»: Ընդհանուր առմամբ, նման դրույթներով առաջնորդվող խմբավորման համար դժվար է լիարժեքորեն ներգրավվել տեղի ունեցող արդի ռեգիոնալ գործընթացներում, առավել ևս, որ Իսրայելն իր ստեղծման օրվանից լուրջ դերակատարում ունի տարածաշրջանում և հետևողական ու անողոք պայքար է մղում Իսրայելի գոյությունը կասկածի տակ առնող իսլամական արմատական խմբավորումների դեմ: Սակայն, մեծ հաշվով նմանատիպ դիրքորոշումն է ապահովում «ՀԱՄԱՍ»-ի հաջողությունները Գազայի հատվածում:

«ՀԱՄԱՍ»-ը 2007թ-ից վերցրել է Գազայի հատվածում իշխանությունը և մինչև օրս ինքնուրույն է իրականացնում հատվածի ղեկավարումը Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասից անկախ: Արմատականների առավել չափավոր թևի ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներին նորություն չի, հատկապես «ՀԱՄԱՍ»-ի համար: Այն միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել արաբական «փողոցը», զբաղվել հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների հովանավորությամբ, ակտիվորեն ներգրավված եղել պաղեստինյան ընտրություններին:

Մյուս կողմից «ՀԱՄԱՍ»-ի ակտիվ ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներում իր ազդեցությունն է ունենում առավել ծայրահեղ իսլամական կառույցների դիրքորոշման վրա: վերջիններս հայտնի են իրենց բացասական վերաբերմունքով քաղաքական դաշտում ակտիվության նկատմամբ` իրենց պայքարում կարևորելով անմիջական ռազմական գործողություններն ուղղված ոչ միայն ոչ մուսուլման, այլև մուսուլման աշխարհիկ-անհավատ վարչախմբերի դեմ:

«ՀԱՄԱՍ»-ի նման ակտիվությունը Իսրայելի դեմ ուղղված գործողություններում վկայությունն է այն բանի, որ կառույցը դրանով բարձրացնում է իր հեղինակությունն ու ազդեցությունը մուսուլման արմատականների շրջանում` վերահաստատելով իր վճռականությունն Իսրայել դեմ պայքարում` հյուսիսաֆրիկյան, մերձավորարևելյան և այլ տարածաշրջաններում գնալով ավելացող ռադիկալ տրամադրությունների ֆոնի ներքո: «ՀԱՄԱՍ»-ը միշտ լարվածության մեջ է պահել տարածաշրջանը և հատկապես Իսրայելին` ժամանակ առ ժամանակ հրթիռակոծության ենթարկելով վերջինիս տարածքը:

Մյուս կողմից,  «ՀԱՄԱՍ»-ի պայքարը Իսրայելի դեմ որոշակի դիվիդենտներ է ապահովում կառույցին, առաջին հերթին մուսուլմանական աշխարհի երկրներից: Մերձավոր Արևելքում բավական արագ ընթացող զարգացումներում տեղի են ունենում ուժերի վերադասավորումներ, և այս առումով «ՀԱՄԱՍ»-ին պետք էին նոր հովանավորներ գտնել` տարածաշրջանում ստեղծված հակաշիական` հակասիրիական և հակաիրանական տրամադրությունների համատեքստում: Նման դերում հանդես են գալիս Եգիպտոսը, Թուրքիան և Պարսից ծոցի միապետությունները, որոնք պաղեստինաիսրայելական հակամարտության սկզբից իրենց աջակցությունը հայտնեցին «ՀԱՄԱՍ»-ին:

Իսրայելը չպետք է թերագնահատի այդ պաղեստինյան խմբավորման գործողությունների արդյունավետությունը, առավել ևս մի քանի տասնամյակ շարունակվող պաղեստինյան  հիմնախնդիրը հանդիսանում է մուսուլմանական մի շարք երկրների արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրներից, ինչը ենթադրում է «ՀԱՄԱՍ» խմբավորման դերակատարության և Իսրայելի  անվտանգությանն ուղղված սպառնալիքի ավելացում: Եվ հետևաբար, կարելի է փաստել, որ իսրայելական օդուժի գերճշգրիտ հարվածներից և հատուկ նշանակության գործողություններից «ՀԱՄԱՍ»-ի ղեկավար օղակը թուլանում է, Իսրայելի դեմ ռազմական գործողություններում «ՀԱՄԱՍ»-ը կիրառում է զգալի ռազմական միջոցներ, սակայն «ՀԱՄԱՍ»-ը լուծում է իր համար հեռու գնացող խնդիրներ. ստանում է նոր հովանավորներ, բարձրացնում է իր հեղինակությունը և վերածվում ակտիվ գործոնի տարածաշրջանային զարգացումներում, որի հետ Իսրայելը պետք է հաշվի նստի:

Արաբագետ Սարգիս Գրիգորյան




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ