Բնապահպանության նախարարը մասնակցել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ծառատունկին
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Միջոցառման նպատակն է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և VivaCell-MTS-ի հետ համատեղ իրականացնել խորհրդանշական ծառատունկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության նախարարությունից, Արամ Հարությունյանը նախ ողջունել է Ուրծաձոր գյուղի էկոկրթական կենտրոնի սաներին, այնուհետև ծանոթացել նրանց պատրաստած աշխատանքներին: Կենտրոնի սաները նախարարին նվիրել են իրենց պատրաստած աշխատանքներից փաթեթ:
Հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նախարարին ծանոթացրել է կառույցի կատարած աշխատանքներին և արդյունքներին:
Ծառատունկի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն սահմանում է հետագա համագործակցությունը հիմնադրամի և նախարարության միջև, որն էլ հանդիսանում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անմիջական պատասխանատուն: Արամ Հարությունյանը նշել է. «Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է ունենա արդյունք, և պետք է միջոցներ ձեռնարկել դրանց իրականացման համար»:
Արամ հարությունյանը ողջունում է հիմնադրամի ջանքերը` ուղղված «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի հիմնադրմանը՝ արգելոցի այս հատվածի համար ստեղծելու պահպանվող բուֆերային գոտի, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքների կենսաբազմազանության արդյունավետ պահպանությունը խորապես նպաստում է արգելոցի սահմանների ներսում պաշտպանության բարելավմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում