Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ Լոզանի պայմանագրով նախատեսված կետերը մինչ օրս էլ չեն կիրառվում

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ Լոզանի պայմանագրով 
նախատեսված կետերը մինչ օրս էլ չեն կիրառվում

ԵՐԵՎԱՆ,  24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանի պայմանագրի ստորագրումից անցել է 89 տարի: Ըստ էության, այս պայմանագիրը կարել է համարել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր պայմանագիրը, որով գրեթե վերջնականորեն որոշվեցին ներկայիս Թուրքիայի սահմանները: Սակայն պայմանագրի առավել կարևոր` 3-րդ բաժինը, վերաբերում էր Թուրքիայի ազգային փոքրամասնություններին: Պայմանագրով փոքրամասնություն էին համարվում միայն երեք ազգի ներկայացուցիչներ` հայերը, հույներն ու հրեաները: Հետաքրքիր և պարադոքսայինն այն է, որ հայերը սկսեցին փոքրամասնություն կոչվել մի հողում, որտեղ ժամանակին մեծամասնություն էին կազմել: Չնայած թուրքական պետության հավաստիացումներին, որ իրենք մշտապես հետևում են պայմանագրի դրույթների իրագործմանը, այնուհանդերձ, կետ առ կետ հետևելով պայմանագրի կետերին` կարող ենք հեշտորեն համոզվել հակառակում:

Համաձայն 39-րդ հոդվածի` պաշտոնական լեզու համարվող թուրքերենի կողքին թույլատրելի է նաեւ ազգային փոքրամասնությունների լեզուների կիրառումը: «Ոչ մի սահմանափակում եւ արգելք չդնել, որպեսզի ցանկացած թուրքական քաղաքացի օգտվի որեւէ այլ լեզվից»,- նշված էր պայմանագրում: Այդուհանդերձ, պայմանագրի ստորագրումից տարիների անց հանրապետական Թուրքիան սկսեց իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնցով պարտադրում էր Թուրքիայում բնակվող ցանկացած ազգի ներկայացուցչի խոսել միայն թուրքերեն: Սրա վառ ապացույցն էին տարբեր տարիներին (1930-ականներ, 1960-ականներ) անցկացված «Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիաները, որոնց գլխավոր թիրախն իրականում փոքրամասնություններն էին: Երիտասարդներից կազմված խմբերը շրջում էին հատկապես փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում եւ պահանջում խոսել միայն թուրքերեն. չենթարկվելու պարագայում հետեւանքներն անկանխատեսելի էին լինում։ Իրականում սա դարերի պատմություն ունեցող լեզվական ձուլման քաղաքականության շարունակությունն էր:

Լոզանի պայամանգրի 3-րդ բաժնի 40-րդ հոդվածի համաձայն` ոչ մուսուլմանական փոքրամասնությունները հավասարապես իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծելու եւ տնօրինելու բարեգործական, կրոնական, հասարակական հաստատություններ, դպրոցներ, ուսումնական եւ դաստիարակչական այլ հաստատություններ` իրավունք ունենալով այդ հաստատություններում ազատ օգտագործելու իրենց մայրենի լեզուն եւ ազատ դավանելու իրենց կրոնը: Սակայն ներկայիս Թուրքիան կրկին վարում է հակառակ քաղաքականությունը: Անգամ հայկական համայնքի ուժերով պահպանվող դպրոցներում  փոխտնօրենի պաշտոնում պարտադիր նշանակվում է թուրք պաշտոնյա, ով վերահսկում է այդ դպրոցներում հայկականությանն ուղղված միջոցառումների բացառումը: Մեկ այլ խնդիր է դասագրքերի պակասությունը, քանի որ պետությունն արգելում է իր դպրոցներում դասավանդել այլ երկրից բերված դասագրքերով: Իսկ թուրքական հրատարակչությունները կա’մ «ֆինանսական խնդիրներից ելնելով» չեն հրատարակում գրքեր հայկական դպրոցների համար, կա’մ դրանց բովանդակությունն այնքան են փոխում և թուրքականացնում, որ դրանց բացակայությունը դառնում է նախապատվելի:

Պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի կառավարությունը լիակատար պաշտպանության տակ էր առնում եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները եւ փոքրամասնություններին պատկանող այլ կրոնական հաստատությունները: Սա, թերևս, միայն պայմանագրով: Սակայն մեզ համար նորություն չէ, որ թուրքական պետության վարած քաղաքականության արդյունքում պայմանագրերը թղթի վրա էլ մնում են եւ կյանքի չեն կոչվում: Եվ մեր օրերում Թուրքիան ինքն է որոշ կատարածուների ձեռքերով ավերում հայկական, հունական, հրեական պաշտամունքի վայրերը` փորձելով այդպիսով վերացնել երկրում ցանկացած այլ ազգի ներկայության պատրանքը, հետքը և դրանով իսկ վերահաստատել, որ «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսն այսօր էլ արդիական է պետության վարած ներքին քաղաքականության մեջ:

Թեպետ 38-44-րդ հոդվածներին, որոնք Թուրքիայի կառավարությանը պարտավորեցնում էին ապահովել Թուրքիայի բոլոր քաղաքացիների կյանքի եւ ազատության լիարժեք պաշտպանությունը` անկախ ազգային, լեզվական, ռասայական եւ կրոնական պատկանելությունից, տրվել էր հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեին, այդուհանդերձ դրանք երբեք էլ չկիրառվեցին Թուրքիայի Հանրապետությունում, որը ցույց տվեց աշխարհին, որ շարունակում է առաջնորդվել «խաղի սեփական կանոններով»:

 

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am