Տոնական քայլերթով կազդարարվի Հայաստանի պետական խորհրդանիշերի օրը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական քայլերթով կազդարարվի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերի օրը: Քայլերթը կմեկնարկի Մատենադարանին հարող տարածքից հունիսի 15-ին` ժամը 19:30-ին: Շուրջ 5500 երիտասարդներ կանցնեն Նալբանդյան, Ամիրյան փողոցներով, Սայաթ-Նովա եւ Մաշտոցի պողոտաներով, Ֆրանսիայի հրապարակով այնուհետեւ կմիավորվեն Հանրապետության հրապարակում։ «Մեր գերակա խնդիրը պետական խորհրդանիշերի հանրահռչակման ծրագիրն է եւ այս օրը օրենսդրորեն սահմանելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ հունիսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի գործադիր տնօրեն Պավել Սարգսյանը: Նրա խոսքով` 2010 թվականին առաջին քայլերթին մասնակցել է 2000-3000, 2011-ին` 5000-6000 մարդ: Սարգսյանը շեշտեց, որ գնալով աճում է հետաքրքրությունը խորհրդանիշերի օրվա առթիվ տոնակատարությունների հանդեպ:
Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով` խորհրդանշանները պատահական չէ, որ լուրջ նշանակություն ունեն եւ ամեն մի պետության այցետոմսն են: «1918թ. հունիսին ընդունված դրոշը` անկախ տարաձայնություններից, շատ ճիշտ է ընտրված»,- ասաց Ամսեյանը: Նա շեշտեց, որ հայ ժողովուրդն անգամ ամենադժվարին օրերին պետական դրոշը պահել է սրբություն նման: «Եռագույնը պետք է ազդարարի աշխարհին, երիտասարդ սերնդին պետականությունը սիրելու` ինքնագիտակցության մեջ անկախության գաղափարը սերմանելու մասին»,- շեշտեց թանգարանի տնօրենը:
«ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին: Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականին նույն օրը: ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում