Օգնություն` արյան հիվանդություններով երեխաներին
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաշիր» բարեգործական հիմնադրամն արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար գումար է հատկացրել «Օգնեմ» հիմնադրամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունվարի 30-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդգար Գյանջումյանը: Նրա խոսքով` շուրջ 27 հիվանդ երեխաների դեղորայքի եւ հետազոտման համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2000-ական դոլարին համարժեք դրամ կտրամադրի:
Շնորհակալություն հայտնելով «Տաշիր»-ին օգնության համար` Գյանջումյանը նշեց, որ գումարը առձեռն հիվանդներին չի տրվելու, ցանկացողները կարող են այդ գումարն օգտագործել նաեւ արտասահմանում բուժում ստանալու համար:
Արդեն 4-րդ տարին է, ինչ «Օգնեմ» բարեգործական հիմնադրամը արյան հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն է ցուցաբերում ոչ միայն դեղորայքի, այլեւ բժշկական սարքավորումների եւ վերականգնողական ճամբարների կազմակերպման տեսքով:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիանա Քաբաբյանը նշեց, որ արյան հիվանդություններով երեխաները պարբերաբար գտնվում են պետության աջակցության ներքո: «Կան դեղեր, որոնք արտոնագրված չեն Հայաստանւմ, եւ լավ կլիներ, որ դրանք Հայաստանում նույնպես արտոնագրվեին»,-հավելեց Գյանջումյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում