Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը վստահ է` հրաշքների կարելի է հասնել նպատակասլացության եւ աշխատասիրության շնորհիվ

Հրայր Թովմասյանը վստահ է` հրաշքների կարելի է հասնել նպատակասլացության 
եւ աշխատասիրության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած դիրքից: Օրվա հետ են մարդիկ կապում իրենց  ցանկությունների ու երազանքների իրականցումը: «Արմենպրես»-ը փորձեց ճշտել, թե այդ տոնից ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները: Ամանորյա հրաշքից իր ակնկալիքն է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

-Պարո'ն Թովմասյան, ամանորը շատերի համար յուրահատուկ խորհուրդ ունի: Նոր տարին մարդիկ նոր ծրագրերով, երազանքներով են սկսում, եւ ինչքան էլ դժվար իրականանալի լինեն երազանքները, միևնույն է պահում են երազանք ու հավատում, որ կարող է մի հրաշքով իրենց ամենանվիրական երազանքը կատարվի: Իսկ Դուք, հավատու՞մ եք հրաշքների:


Հրաշքների՞.....կցանկանայի հավատալ: Կուզենայի, որ հրաշքներ լինեին, սակայն, իրական կյանքում  հրաշքներ չկան եւ շատ վաղուց չեմ հավատում Մանանայի նման երկնքից իջնող  հրաշքների: Զարմանալի է, որ ամանորի հրաշքների էլ չեմ հավատում: Երեւի 4-5 տարեկան էի եւ արդեն չէի հավատում անգամ, որ Ձմեռ պապ է գալու եւ ողջ տարվա ընթացքում իրենց լավ պահող երեխաներին նվերներ է տալու: Եվ ինձ այդ տարիքից սկսած չէին կարողանում խաբել Ձմեռ պապի նվերներով:

 

- Այսինքն, նվերների էլ չէի՞ք ստանում:


Նվերներ ստանում էի, բայց գիտեի, որ ծնողներս էին պատրաստում, գնում դրանք եւ մի տեղ թաքցնում:  Ինքս էլ հետեւում էի, թե որտեղ դրեցին ու ազնվորեն ասում էի ծնողներիս` ես տեսա, դուք այդ նվերն այնտեղ դրեցիք.....(ժպտալով) Էդպիսին եմ եղել:    

 Բայց ամանորն ինձ համար մեկ այլ խորհուրդ ունի: Իմ ընկալմամբ` «հրաշքների» կարող ես հասնել, եթե ունես նպատակասլացություն, եթե ունես աշխատասիրություն, ջիղ` երազանքներիդ ու նպատակներիդ հասնելու համար, իսկ երբ հասնում ես նպատակներիդ, կարող ես դա էլ «հրաշք» համարել:    Ամանորը նաեւ այլ խորհուրդ ունի. տարեվերջին ամփոփում ու վերլուծում ես անցնող տարվա ընթացքում արածն ու չարածը, հետո էլ ծրագրում  հաջորդ տարվա անելիքները:

 

-Իսկ տարվա արդյունքներն ամփոփելուց հետո երազանք պահու՞մ եք:


Պիտի խոստովանեմ, որ այս դեպքում երազանք պահում եմ, երբ հնչում են զանգերը եւ շնորհավուրում ենք միմյանց:

 

-Իսկ երազանքը բացահայտու՞մ եք, թե գաղտնի եք պահում:


Չէ, գաղտնիք է, բայց նյութական երազանք չէ, եթե այսպես կարելի է ասել: Ամանորին պահած իմ որեւէ երազանք նյութական չի լինում

 

-Հիմա էլ ե՞ք նվերներ ստանում, եւ եթե այո, ապա ումից:


Այո’, կինս միշտ նվերներ է տալիս:

 

-Կա՞ ամանորին ստացած այնպիսի նվեր, որը դուք հիշում եք միշտ:


Ամանորին ստացած նվե՞ր....չէ, չեմ հիշում, բայց հիշում եմ իմ առաջին հեծանիվը.  առաջին, թե երկրորդ դասարանում էի, գերազանց սովորելու համար ծնողներս հեծանիվ գնեցին, եւ ես դա շատ լավ եմ հիշում, որ գերազաց առաջադիմության համար եմ ստացել:

 

-Պարոն Թովմասյան, թեեւ ամանորը սովորաբար ուրախության տոն է, բայց նախապատրաստական լուրջ աշխատանք է պահանջվում, հատկապես հայերը շատ գնումներ են անում: Դուք գնումներ կատարու՞մ եք, եւ  դա  Ձեզ համար հո՞գս է, թե՞ հաճույք:


Գնումներն, ընդհանրապես, ինձ համար հաճելի գործ է եղել: Մինչեւ նախարար դառնալը, ամեն երեկո աշխատավայրից դուրս գալուց առաջ զանգահարում էի կնոջս եւ հարցնում էի, թե ի՞նչ է պետք գնել, փոքրիկ ցուցակ էի կազմում եւ գնումներ էի կատարում սիրով: Հիմա, իհարկե, ժամանակս չի բավարարում, գնումներով հիմա կինս է զբաղվում:    

Ինչ վերաբերում է ամանորի գնումներին` ապա դա երբեք հաճելի գործ չի եղել ինձ համար, ամանորի գնումներ կատարել էլ երբեք չեմ սիրել: Եվ, ընդհանրապես, ամանոր էլ չեմ սիրում: Ամանորի տոնի կազմակերպումը, կարծում եմ, ավելի շուտ հոգսաշատ գործ է, քան հաճույք: Հատկապես տարիներ առաջ, երբ ամեն ինչ դժվար էր գտնել, սա հասցրեցիր գտնել, սա որտեղից պետք է գնես, սա կա, սա չկա: Հիմա, իհարկե, մեկ խանութում ամեն ինչ կարող ես միանգամից գնել, բայց միեւնույն է հաճելի չի ամանորի  գնումներ կատարելը:   Հաճելի չի նաեւ այն, որ անընդհատ կամ հյուր ես ընդունում կամ հյուր ես գնում: Ես հյուրեր ընդունել շատ եմ սիրում, բայց այնպես, որ հյուրերիդ հետ հաճելի ժամանակ ես անցկացնում: Չեմ սիրում, որ նրանք գալիս են, կարճ ժամանակով, որովհետեւ մյուս բարեկամներին կամ ընկերներին  էլ պետք է հասցնեն շնորհավորել, ինքդ էլ մտածում ես, որ պետք է հասցնես բոլոր մտերիմներին այցելել ու շնորհավորել, որեւէ մեկին չմոռանաս, հիշես, թե ում տուն պետք է առաջինը գնաս, ում չես մոռացել:                                                                                                  

  Մի խոսքով, չեմ սիրում արագ, ոտքի վրա ուրախությունը: Թեեւ այն, ինչ նկարագրեցի, այնքան էլ ուրախություն չէ, եւ այս հունվարի 1-ի, 2-ի այցելությունների ավանդույթ դարձած այս իրավիճակները չեմ սիրում, ես կցանկանայի, որ ամանորին բարեկամներով, ընկերներով հավաքվեինք, մի լավ ուրախանայինք եւ ոչ թե զուտ շնորհավորական մեկ երկու կենաց ասելուց հետո, անցնել հաջորդ այցելությանը:

 

-Իսկ ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:


Հայ ժողովրդին մաղթում եմ իմաստություն, խոհեմություն, «մենք»-ի գիտակցման ավելի բարձր աստիճան, մեր պետակաշինության փուլում առկա խնդիրների հաղթահարում: Մաղթում եմ ավելի լավ ընտրությունների անցկացում, ավելի բարեկեցիկ կյանք բոլորին , ավելի հզոր ու պաշտպանված Հայրենիք, հանրային կյանքի ավելի արդար կանոնակարգում: 

 

Հարցազրույցը`   Արուսիկ Զախարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am