Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Արմենպրես»-ը 93 տարեկան է


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը 93 տարեկան է: Աշխարհում առաջին հեռագրական գործակալությունը «Ֆրանս-Պրեսս»-ն էր` հիմնված Փարիզում 1835 թվականին, նրան հաջորդեցին «Ասոշեյթեդ Պրես»-ը` ԱՄՆ-ում (1848 թ.), եւ անգլիական «Ռոյթեր»-ը (1851 թ.): Հայաստանի նորանկախ պետության համար մեծ իրադարձություն դարձավ Հայաստանի հեռագրական գործակալության ծնունդը: Վերջինիս հիմնման վերաբերյալ առաջին օրենքի ընդունման մասին նշված է Հայաստանի Ազգային խորհրդի 1918 թ. դեկտեմբերի 18-ի նիստի արձանագրությունում: Սույնով երկրի բոլոր պետական ու հասարակական հիմնարկները պարտավորվել են տեղեկություններ տալ գործակալությանը, ընդ որում` արգելվել է նախքան դրանք գործակալությանը հաղորդելը տալ մասնավոր անձանց կամ հաստատություններին, ինչպես նաեւ գործակալության հեռագրերի արտատպումն այլ հրատարակություններում` բաժանորդ թերթերում դրանց հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքում:

Հայհեռագործի առաջին պաշտոնական հեռագրային ժապավենը, ինչպես եւ նախօրոք ծանուցվել է բաժանորդներին, թողարկվում է 1919 թ. հունվարի 15-ին. այն ընդգրկել է 22 կարճ լուր: Դրանք ուշագրավ տեղեկություններ են հանրապետության առօրյայի, պետական շինարարության, ազգամիջյան փոխհարաբերություններում գլուխ բարձրացնող ներքին խժդժությունների մասին: Հայհեռագործն իր գոյության ավելի քան ինը տասնամյակների ընթացքում ունեցել է երեսունից ավելի ղեկավարներ:

Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի 1920 թ. դեկտեմբերյան դեկրետներով այլ ծառայությունների թվում նոր որակ է ստանում նաեւ Հայհեռագործը: Նրա հիմքի վրա ստեղծվում է բազմապրոֆիլ մի հիմնարկություն. սկզբում` «Տպագրության եւ ագիտացիայի կոմիսարություն», ապա «Տպագրության եւ ագիտացիայի կոմիսարիատ եւ Հայկավռոստա» անունով, որի գործառույթների մեջ էր մտնում ոչ միայն լրատվությունը, այլեւ պաշտոնական թերթերի հրատարակությունը, գրքերի, ձեռնարկների, բլանկների, զանազան այլ նյութերի տպագրությունը, գովազդային պլակատների պատրաստումը, նաեւ գրականության ընդունումն ու տեղաբաշխումը:

1922 թ. հոկտեմբերի 2-ին ՀՍԽՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում է ընդունում Հայաստանի հեռագրական գործակալություն հաստատելու մասին. այդ որոշումը տարիներ շարունակ համարվել է «ՀՀԳ-Արմենպրես»-ի ծննդյան վկայականը` քաղաքական նկատառումներով տարիներ շարունակ անտեսելով նրա իսկական ծննդյան ամսաթիվը` 1918 թ. դեկտեմբերի 18-ը:

«Հայհեռագործ-Արմենտա-Արմենպրես»-ը մշտապես արտահայտել է հասարակության ցավերն ու մտահոգությունները. նա ժողովրդի հետ պայքարել է ֆաշիզմի դեմ, ուրախությամբ արձանագրել հետպատերազմյան շրջանում հայորդիների ներգաղթը, անմասն չի մնացել մշակութային կյանքում տեղի ունեցող իրադարձություններից եւս:

1959-ի դեկտեմբերից գործակալությունն ունենում է նաեւ իր առանձին, մասնագիտացված ֆոտոծառայությունը` «Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ» անվամբ, որ կարճ ժամանակում մեծ համբավ է ձեռք բերում: 1972 թվականը պետական լրատվական գործակալության համար նշանակալից է մի շարք առումներով. ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը եւս մարտի 21-ից վերակազմվում է միութենական-հանրապետական պետական ինֆորմացիոն գործակալության, որն ըստ դիրքի սկսում է օգտվել նաեւ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պետական կոմիտեի իրավունքներից: Նույն տարում որոշվում է փոխել հնաբույր Հայաստանի հեռագրական գործակալություն անվանումը: Հայտարարվում է անվանափոխման մրցույթ: Ներկայացված ամենատարբեր առաջարկություններից ընտրվում է «Արմենպրես» բառակապակցությունը:

ՀՀ կառավարության կողմից 1998 թ. հունվարի 22-ին հաստատվում է «Արմենպրես»-ի նոր կարգավիճակը` պետական բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ պետությունը։ Գործակալության ամենօրյա լրատվությունը պատրաստվում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով։ Այն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում։

«Արմենպրես»-ն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում. զանգվածային լրատվության միջոցներից զատ դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ։ Արմենպրեսի համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են «Իտառ-Տասս»-ը, «Ռոյթեր»-ը, «Սինխուա»-ն, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների փոխանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am