ՀՀ վարչապետը Գյումրիում հարգել է երկրաշարժի զոհերի հիշատակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը 1988 թ-ի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
1988 թ-ին ութ բալ ուժգնությամբ երկրաշարժը մեկ ակնթարթում Հայաստանը վերածել է աղետի գոտու` ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, որտեղ ապրում էր 1մլն մարդ: Աղետի հետեւանքով տուժել է 21 քաղաք եւ շրջան, 342 գյուղ, զոհվել 25 հազար մարդ, մոտ 20 հազարը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Գյումրիում ու Սպիտակում:
Ավերվել է Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17տոկոսը, 170 արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը: