Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կապանի պատմությունը` «Հիշողություն» ցուցադրությունում


ԿԱՊԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Կապանյան օրեր» միջոցառումների շրջանակներում Կապանի երկրագիտական թանգարանը հոկտեմբերի 2-ին կազմակերպելու է «Հիշողություն» խորագիրը կրող ցուցադրություն, որտեղ ներկայացվելու է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Կապանի պատմությունը:

«Առաջին անգամ ցուցադրության են դրվելու եզակի վավերագրեր, փաստաթղթեր, նամակներ, նշանավոր մարդկանց անձնական իրեր, մամուլի հրապարակումներ, որոնք արտացոլում են Կապանի հերոսական պատմությունը' հայ-թաթարական բախումները, Զանգեզուրի գոյամարտը, Առաջին աշխարհամարտը, տարածաշրջանի կրթության ոլորտի բարերարները եւ այլն: Կներկայացվեն նաեւ կապանցի երկու նշանավոր մարդկանց' Գասպար Տեր-Մարգարյանի եւ Սմբատ Մելիք-Ստեփանյանի գերդաստանները: Ցուցադրության ժամանակ ստեղծել ենք հակադրություն' դեմ դիմաց կցուցադրվեն դաշնակցության եւ բոլշեւիկների պայքարը ներկայացնող վավերագրեր, փաստաթղթեր, այսինքն' ներկայացրել ենք մեր պատմությունն այնպես, ինչպես որ կա», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Ցուցադրվող զգալի թվով նյութեր իրենցից բացառիկ արժեք են ներկայացնում:

Դրանք վերջին երկու տարում թանգարանի աշխատակիցների ջանքերով հավաքված նյութեր են: Ցուցադրությունն իրականցվելու է պետբյուջեի միջոցներով դեռեւս հիմնանորոգվող թանգարանի առաջին մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ շինաշխատանքներն արդեն ավարտվել են: Տնօրենի խոսքով' սա կլինի հիմնանորոգվող թանգարանի առաջին ցուցադրությունը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 29-ը' Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Իսկ թանգարանի հիմնանորոգումը կավարտվի մոտ ժամանակներս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am