«Կնոջ կերպարը Մ.Սարյանի արվեստում» ցուցահադես` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուլիսի 16-ին կբացվի ցուցահանդես, որը կկրի «Կնոջ կերպարը Մ.Սարյանի արվեստում» խորագիրը: Ցուցահանդեսին կներկայացվեն Մ. Սարյանի նկարած շուրջ 30 կանանց դիմանկարներ, իսկ սլայդ-շոուի միջոցով կցուցադրվեն այն կանանց դիմանկարները, որոնք չեն պատկանում տուն-թանգարանին' մասնավոր հավաքածուներում են, կամ այլ թանգարաններում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը, վարպետն իր արվեստում լիովին փոխել է կնոջ դիմանկարի բովանդակությունը: «Նա իր հայացքը կենտրոնացնելով բնորդուհիների դիմագծերի, բնորոշ կեցվացքի վրա' ձգտում էր բացահայտել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ներքին էությունը, նրանց հարուստ եւ հուզական ներաշխարհը»,- ասաց Ս. Սարյանը' հավելելով, որ իր դիմանկարներում Մ. Սարյանը ներկայացրել է մտավորական կնոջը, որն իր ստեղծագործական մասնակցությունն էր բերում նոր դարաշրջանի մշակութային արժեքների ստեղծմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ տարեվերջ:
Նշենք, որ Մ. Սարյանը, անդրադառնալով իր դիմանկարներին, նշել է. «Շատ հետաքրքիր է նկարել մարդուն շարժման մեջ: Այսպիսին է իմ փորձը դիմանկարի ստեղծման աշխատանքում: Ինձ թվում է, եթե այսպես աշխատենք, ապա չենք ունենա գեղեցիկ կամ տգեղ, հետաքրքիր կամ անհետաքրքիր մարդկանց: Ներքին բովանդակություն ունեցող մարդը հետաքրքիր է»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսի 7-ին տուն-թանգարանում արվեստասեր հասարակությանը ներկայացվեցին Մ. Սարյանի' կենաց ծառի խորհրդանիշն արտացոլող աշխատանքները: Ցուցահանդեսը կրում էր «Կենաց ծառը Սարյանի արվեստում» խորագիրը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում