Բացվեց Ռուբեն Սուվարու «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդեսը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սարյանի այգում այսօր բացվեց նկարիչ Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի PR պատասխանատու Աննա Ափյանը, Երեւանում առաջին անգամ գրաֆիկայի ժանրում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: «Նկարներն արտահայտում են մարդու եւ տիեզերքի կապը, ունեն փիլիսոփայական եւ պատմական հենք»,- ասաց նա:
ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Կարլեն Քոչինյանի խոսքով` սեւ ու սպիտակի հարաբերությամբ Ռուբեն Սուվարին կարողացել է ստեղծել գրաֆիկական հոյակապ աշխատանքներ, որոնցում մարդկային հոգու աշխարհն է, նրա կապը հայ եկեղեցու եւ Աստծո հետ: «Նուրբ շտրիխներով կերպավորած մարդկային ֆիգուրները, եկեղեցիները ու վանքերը խիստ ներդաշնակության մեջ են, իմաստավորված յուրաքանչյուր շտրիխ, կա կերպարների եզրագծերի համաչափ կատարում` վերացարկված մտածողությամբ պատկերների համադրումով»,- նշել է նա:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 24-ը: Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ.-ին հայրենիքից հեռու` Ղազախստանի Ցելինագրադ քաղաքում: Մեկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին: