Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումները հետաքրքրական արդյունքներ են արձանագրում

Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումները հետաքրքրական արդյունքներ են արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Ներքին Գոդեձոր հնավայրի պեղումները հետաքրքրական արդյունքներ են արձանագրում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, արշավախմբի ղեկավար Պավել Ավետիսյանը, 2003-2004 թվականների շրջայցերի ընթացքում պարզ է դարձել, որ այդ տարածքում մեծ քանակությամբ խեցեղեն կա, որը ցույց է տալիս, որ այդտեղ կան նաեւ պղնձեքարեդարյան ժամանակների հետքեր:

Նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածը շատ կարեւոր է ոչ միայն Հայոց հնագույն, այլ նաեւ Առաջավոր Ասիայի պատմության ուսումնասիրման համար, 2005թ-ից շարունակաբար այդ հուշարձանը պեղվում է: Պ. Ավետիսյանի խոսքով, ծրագիրն ընդլայնվել է, եւ աշխատանքներում ընդգրկվել են նաեւ Ֆրանսիայի գիտությունների ազգային կենտրոնի մասնագետները, որոնց աջակցությամբ էլ կատարվում է պեղված նյութերի հետագա ուսումնասիրությունը: «Պղնձեքարեդարյան ժամանակաշրջանը մարդկության պատմության ամենակարեւոր փուլերից մեկն է, երբ մարդն աստիճանաբար քարե գործիքներ պատրաստելուց անցնում է մետաղյա գործիքների պատրաստմանը: Հայկական լեռնաշխարհի եւ,առհասարակ, տարածաշրջանի հնագույն անցյալի ուսումնասիրության համար պնղձեքարեդարյան հուշարձանների պեղումները եւ դրանց արդյունքների վերլուծությունը սկզբունքային նշանակություն ունի»,-ընդգծեց Պ. Ավետիսյանը: Նրա խոսքով, Գոդեձորի պեղումներից պարզ է դարձել, որ Հայկական լեռնաշխարհում գործ ունեն երկրագործական հասարակությունների ժամանակաշրջանի մի հուշարձանի հետ, որը գտվում է ծովի մակերեւույթից 1800 մ բարձրության վրա:

«Սա արդեն ինքնին արտառոց փաստ էր, քանի որ մինչ այդ այդպիսի բարձրության վրա այդպիսի հասարակությունների թողած հետքեր մենք չենք գտել»,-շեշտեց ինստիտուտի տնօրենը: Նրա խոսքով, պեղումների առաջին տարում հսկայական քանակությամբ ներմուծված գունազարդ խեցեղենի բեկորներ են հայտաբերվել: «Սա տարօրինակ էր, քանի որ Արաքսից հյուսիս ընկած տարածքներում ապրող հասարակությունները երբեք գունազարդ խեցեղեն չեն պատրաստել: Մենք մտածում էինք, որ այս փաստը առեւտրական կապերի մասին է խոսում»,- ասաց Պ. Ավետիսյանը: Հետագայում կենդանիների ոսկորների ուսումնասիրություններից պարզվել է, որ այդ տարածքում եղել են խոշոր եղջերավոր անասուններ, որոնք որպես փոխադրամիջոց են օգտագործվել մարդկանց կողմից` անցնելով երկար ճանապարհ. հաշվի է առնվել ոսկորների դեֆորմացված լինելը: Պեղումների արդյունքում նաեւ մեծ քանակությամբ օբսիդիան (վանակատ) է հայտավերվել: «Այս բոլորի հանրագումարը մեզ թույլ տվեց հայտնաբերել մի հանրության կյանք, որը տարվա ինչ-որ մի հատված ապրել է ՈՒրմիայի լճի հարավային ափերին, մնացած ժամանակաշրջանում` Գոդեձորի տարածքում»,- ասաց Պ. Ավետիսյանը: Անդրադառնալով այս տարվա պեղումների արդյունքներին` նա նշեց, որ հայտաբերվել է մարդու կմախք. այդ ժամանակահատվածում գերեզմանոցներ չեն եղել, մահացածները թաղվել են հենց բնակավայրերում: Այդ ննջեցյալի մարդաբանական մնացորդների ուսումնասիրման համար հրավիրվել է ֆրանսիացի մարդաբան:

Հայտնաբերված գտածոների մի մասը մշակվելուց հետո կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան: Այս տարի նաեւ ուսումնասիրվել են հողի բուսաբանական մնացորդները շրջակա միջավայրի մասին պատկերացում կազմելու նպատակով: Պ. Ավետիսյանի խոսքով, հնագիտական հուշարձանների պահպանության հարցը խնդրահարույց է: «Հուշարձանները պահպանված են այն ժամանակ, եթե դրանք հասարակության համար տնտեսապես շահավետ են: Հուշարձանը պետք է լինի տվյալ տարածքի զարգացման ծրագրի մաս: Եվրոպական երկրներում դրանք պահպանվում են, քանի որ մարդիկ գիտակցում են, որ դա արժեք է, որը կարող է նաեւ գումար բերել»,- շեշտեց ինստիտուտի տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am