ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): Ծննդյան 70-
ամյակը գեղանկարիչ Համբարձում Սահակյանը դիմավորեց անհատական ցուցահանդեսով:
Այն հանդիսավորապես բացվեց այսօր, Հայաստանի նկարչի տանը:
Բացման արարողությունը կատարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ
Կարեն Աղամյանը, որը մասնավորապես գնահատեց այն, որ նկարիչը չգիտե
հոգնությունը, այսօր էլ եռանդուն աշխատում, ստեղծագործում է:
Ելույթ ունեցողները՝ Արեւշատ Ավագյան, Վալերի Միրզոյան եւ ուրիշներ
նույնպես նշեցին, որ նկարիչը հայկական կերպարվեստ է բերել իր ուրույն գույներն
ու ոճը, ստեղծել շատ ուշագրավ աշխատանքներ: Ելույթ ունեցողների թվում էր
անվանի նկարիչ Անատոլի Պապյանը, որի մոտ տարիներ առաջ սովորել է Սահակյանը:
Ուսուցիչը հատկապես խոսեց իր աշակերտի սիրով, քնքշանքով ու լավատեսությամբ
շաղախված արվեստի մասին, որոնք դրսեւորված են բոլոր աշխատանքներում:
Ներկաներին շնորհակալություն հայտնելուց հետո Հ. Սահակյանը ԱՐՄԵՆՊՐԵՍԻ
թղթակցին ասաց, որ իր նկարչությունը իր կյանքն է: Ուստի ներկայացրել է տարբեր
տասնամյակներում ստեղծած տարբեր գործեր, որոնք սկիզբ են առնում դեռեւս անցյալ
դարի 60-ական թվականներից: Դրանք էտյուդներ են, կոմպոզիցիաներ, դիմանկարներ,
բնանկարներ եւ այլն:
Նկարչի տանը նախորդ ցուցահանդեսից հետո անցել է ավելի քան 20 տարի, եւ
նկարիչը այդ երկար բացակայությունը բացատրում է իր եւ անձի, եւ աշխատանքի
նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ: Ըստ նրա, շատ նկարներ ինքը լվացել-
մաքրել է, սակայն շնորհակալություն է հայտնում ընկերներին, որոնք դրանց մի
մասը պարզապես խլել են իր ձեռքից, փրկել կորստից:
Համբարձում Սահակյանը ծնվել է Երեւանում: Ավարտել է Թերլեմեզյանի անվան
ուսումնարանը եւ Գեղարվեստաթատերական ինստիտուտը ու ավելի քան 40 տարի է, ինչ
մասնակցում է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների:
Անհատական ցուցահանդեսներ է բացել Երեւանում, Մոսկվայում, Բելգրադում,
Դոնեցկում, Մարիուպոլում, Կատմանդուում: Նրա աշխատանքները պահվում են տարբեր
քաղաքների պատկերասրահներում եւ մասնավոր հավաքորդների մոտ: