Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Որակյալ ու բազմազան անվճար կրթություն, գերժամանակակից սարքավորումներ. «Ավետիսյան» էկոդպրոցը Հայաստանի մարզեր տարածվելու պլաններ ունի

Որակյալ ու բազմազան անվճար կրթություն, գերժամանակակից սարքավորումներ. 
«Ավետիսյան» էկոդպրոցը Հայաստանի մարզեր տարածվելու պլաններ ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 12-ամյա լիարժեք, անվճար կրթություն՝ նորագույն սարքավորումների կիրառմամբ և ժամանակակից ու էկոլոգիապես բարենպաստ շենքային պայմաններում. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը Հայաստանի մարզերում կրթական նման որակ ապահովելու համար ընդլայնվելու նպատակ ունի: 

OLD05630.JPG (811 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշեց Հայաստանում AMAA-ի (Armenian Missionary Association of America) ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը՝ ընդգծելով, որ դպրոցը հիմնադրվել է 1998-ին AMAA-ի կողմից՝ բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանների տեսլականի և նրանց առատաձեռնության շնորհիվ:  

MXO_3408 (1).JPG (750 KB)

«Կազմակերպությունն արդեն նշել է իր 100-ամյակը: Այդ բազմամյա պատմության ընթացքում համայնքը բազում ներդրումներ է ունեցել կրթության մեջ: Դպրոցից զատ, ունեինք ցերեկային 6 կենտրոն, որոնցից 2-ը՝ Արցախում: Այս պահին գործող 4 կենտրոն ունենք՝ «Շող» կրթական ցերեկային կենտրոններ: Ունենք նաև կրթաթոշակային աջակցության ծրագիր, որն այս պահին ընդլայնման փուլում է»,- նշեց Դեյիրմենջյանը:  

Վերջինս ընդգծեց՝ գործունեության ուղղությունները շատ են, սակայն շեշտադրում են անում կրթության վրա: 

OLD05675.JPG (667 KB)

«Դպրոցը գործում է ընկերակցության հովանու ներքո և ունի հստակ առաքելություն՝ բարձրացնել մարդուն: Դպրոցը հավասարապես կարևոր ակադեմիական ձեռքբերում է համարում անհատի ձևավորումը և կյանքի հմտությունների ձեռքբերումը: Աշակերտները կրթվում և մեծանում են սիրո, հարգանքի, պատրաստակամության, ազնվության և աշխատասիրության մթնոլորտում»,- ասաց ընկերակցության ներկայացուցիչը: 

Դպրոցի բազմակողմանի կրթությունը պայմանավորված է բարձրակարգ ուսումնական առարկաներով, ինչպիսիք են հայոց լեզուն, մաթեմատիկան, ֆիզիկան, ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը, արվեստի դասերով և ակումբներով, ամուր միջառարկայական կապերով, ձեռնարկատիրական դասընթացներով, կյանքի հմտություններ սերմանելով, հուզական և սոցիալական ուսուցում տրամադրելով, բարոյագիտական և բնույթային զարգացում սերմանելով, շրջակա միջավայրի պահպանման ուսուցմամբ, բանավեճի ակումբներով, համակարգչային գրագիտության և ռոբոտաշինության ուսուցմամբ: 

OLD05648.JPG (778 KB)

«Սա էկոդպրոց է, անցնում ենք ծրագրեր բնապահպանական ուղղություններով, ունենք էկոխմբակներ, գործող ջերմոց, կանաչ բակ, տանիքի տնկիներ: Արժանացել ենք Silver LEED Certificate-ի, ձգտում ենք Gold-ի: Մենք ուզում ենք, որ երեխան գիտակցի, թե որքան կարևոր է էներգիան ճիշտ օգտագործելը, բնության հետ հաղորդակից լինելը, բնությունից առնել և հետ վերադարձնելը: Տեսակավորում ենք աղբն, ու այստեղ անպետք իրերին երկրորդ կյանք է տրվում»,- պատմեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը՝ խոսելով դպրոցի էկոգործունեությունից: 

OLD05599.JPG (408 KB)

Ամբողջ շենքը առանձնահատուկ բնապահպանական լաբորատորիա է՝ արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերով, կանաչ տանիքներով և ոչ միայն:

«Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել տարբեր կառույցներից, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության (խմբ․ այժմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կողմից: Մրցանակներով չեն զիջում նաև դպրոցի սաները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն օլիմպիադաներին և զանազան միջոցառումների: 

OLD05692.JPG (474 KB)

«Դպրոցն ունի մեկ յուրահատկություն. աշխատում ենք դասերը սովորեցնել միայն դասաժամին, որպեսզի չմարի երեխաների սերը գրքի, գրականության նկատմամբ: Այստեղ սովորում են սկզբնաղբյուրներով: Տնային աշխատանքները՝ որպես այդպիսին, շատ քիչ են: Աշխատում ենք նաև երկարօրյա ռեժիմով»,- մանրամասնեց տնօրենը: 

OLD05728.JPG (686 KB)

Նա պատմեց՝ նոր «կանաչ» դպրոցը՝ 10 հազար քառակուսի մետր տարածությամբ, ունի սարքավորումներով հագեցած, լուսավոր, ընդարձակ ու հարմարավետ դասասենյակներ, երկու փակ մարզասրահներ, լաբորատորիաներ, ճաշարան, հրաձգարան, ընդարձակ դահլիճ՝ իր բեմով և մի շարք այլ հարմարություններ:

OLD05632.JPG (717 KB)

«Այստեղ մշակութային հսկայական գործունեություն ենք ծավալում: Գործում են զանազան խմբակներ: Թատերական երկու տեսակի խմբակ ունենք՝ արևմտահայերեն և արևելահայերեն։  2016 թվականից սկսած՝ ավագ դպրոցում և հիմնական դպրոցի վերջին դասարանում դասավանդվում է նաև արևմտահայերենը, որովհետև դպրոցը ընդունում և ընդունել է Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների: Ունենք նաև աշակերտներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բեյրութից, որոնց ավելացել են նաև Արցախից մեր հայրենակիցները»,- տեղեկացրեց տնօրենը: 

OLD05616.JPG (747 KB) 

Աշակերտների կրթությունն ապահովվում է գերժամանակակից սարքավորումների միջոցով, ինչպիսիք են համակարգիչները, ռոբոտաշինական լաբորատորիաները, լեզվի լաբորատորիաները, բնական գիտությունների՝ լիովին կահավորված  լաբորատորիաները, էլեկտրոնային վահանակները և այլն:

OLD05700.JPG (659 KB)

«Երկուշաբթի և ուրբաթ օրերին բարոյագիտական պատմությունների միջոցով երեխաներին ստիպում ենք մտածել, քննարկումներ ենք ունենում նաև բուլինգի շուրջ, որն այսօր ավելի քան արդիական է: Հանդիպումներ ենք ունենում հոգեբանների, դասախոսների, ճանաչված մարդկանց հետ: Մասնագիտական կողմնորոշման համար էլ տարբեր մասնագետների ենք հրավիրում: Ունենք գրականագետների ակումբը՝ «Վերնատունը», որտեղ քննարկվում և հանդիպումներ են լինում գրողների հետ, և երեխաները կարողանում են արտահայտել իրենց կարծիքները»,- ներկայացրեց դպրոցի պատասխանատուն:  

Դպրոցից զատ, տարածքում գործում է նաև մանկապարտեզ: Այսինքն՝ այս կենտրոն կարող են հաճախել 4-18 տարեկանները: Տարածքն ամբողջությամբ տեսահսկվում է, որն էլ ապահովում է երեխաների անվտանգությունը թե՛ դպրոցում, թե՛ դպրոցից դուրս: 

OLD05645.JPG (1.30 MB)

Դպրոցն ունի 33 դասարան: Դպրոցում աշխատում է 85 մարդ, մանկապարտեզն ունի 52 սան, դպրոցը՝ 870 աշակերտ: ԼՂ-ից բռնի տեղահանված 44 աշակերտ և 2 ուսուցիչ ունեն:

Հայոց Լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Իշխանյանը պատմեց ՝ ավելի քան 30 տարվա մանկավարժ է, անկեղծացավ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվելուց հետո վստահ էր, որ էլ երբեք ի վիճակի չի լինի դասավանդել դպրոցներում ու փոխանցել իր գիտելիքները, չէր պատկերացնում, թե ինչպես պետք է մտնի դասարան ու ասի, թե որտեղից է եկել: Սակայն իր վախերն անհիմն են եղել:  

OLD05649.JPG (359 KB)

«Դպրոցն օգնում է, որ այս նոր կյանքին ավելի հեշտ ինտեգրվեմ: Դպրոցն, անկեղծ, շատ է օգնում, երբ այստեղ եմ,ավելի հանգիստ եմ ինձ զգում, շատ հաճելի միջավայր է այստեղ․ անձնակազմը, երեխաները, բոլորն օգնում են ինձ ավելի թեթև զգալ: Երբ դպրոցից տուն եմ գնում, կրկին մտքերի մեջ եմ ընկնում: Դպրոցն ինձ օգնում է առաջ շարժվել»,- անկեղծացավ ուսուցչուհին: 

ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներ Հայկ Պետրոսյանը, Վահե Ասրիբաբայանը և Երվանդ Սարգսյանը միաձայն ընդգծեցին՝ դպրոցը բարձր կրթական որակ է ապահովում: Կատակեցին՝ սովորելը ոչ մի տեղ էլ հաճելի չէ, բայց վստահ են, որ իրենց կայացման գործում դպրոցը իր մեծ ներդրումն է ունենալու: 

OLD05663.JPG (524 KB)

Տղաներից երկուսը՝ Հայկն ու Վահեն, ուզում են ծրագրավորող դառնալ: Պատմեցին՝ բարեգործական խմբակ են հաճախում, որը Հայաստանի խոշոր ՏՏ ընկերություններից մեկի հետ է համագործակցում: Դիզայն, մոդելավորում, ծրագրավորում․ խմբակը գործնական շատ գիտելիքներ է տվել: Տղաներից մյուսն էլ՝ Երվանդը, ֆինանսիստ է ուզում դառնալ՝ հետևելով իր պապիկի օրինակին, որի գրած գիրքն էլ դպրոցին են նվիրաբերել: Տղաները միաձայն նշեցին՝ եթե ժամանակը հետ տային, նորից այս դպրոցն էին ընտրելու: 

AMAA-ից նշեցին՝ այս պահին քննարկում են միջազգային դոնորների հետ, որ այս դպրոցի հաջող պատմությունը տարածեն դեպի մարզեր: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում նման ձևաչափով դպրոցներ բացելն իրենց տեսլականում է:

OLD05759.JPG (483 KB)

OLD05796.JPG (393 KB)

OLD05636.JPG (714 KB)

OLD05673.JPG (553 KB) 

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Կարինե Տերտերյան 

Նկարները՝ Հայկ Հարությունյանի և Մխիթար Խաչատրյանի                  





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am