Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել անգլերենի ավելի քան 800 ուսուցիչներ

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին մասնակցելու հայտ են 
ներկայացրել անգլերենի ավելի քան 800 ուսուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Մայքլ Քոնոլին Հայաստան է ժամանել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման հարցում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ: Ընդ որում՝ հայտատուների շուրջ 50%-ը ՀՀ մարզերից է:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև առաջիկա համաժողովի անցկացումը: «Այն երկու հիմնական ուղղությունները, որոնցով մենք համագործակցում ենք Բրիտանական խորհրդի հետ, անգլերենի ուսուցիչների կարողությունների զարգացման և, առհասարակ, ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի մշակման տեսանկյունից, մեզ համար շատ կարևոր են: Երկու ուղղություններով էլ բավականին լավ արդյունքներ ենք գրանցում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրին»:

«ՀՀ կրթական բոլոր մակարդակներում, հատկապես հանրակրթության ոլորտում, բազմաթիվ մեծածավալ բարեփոխումներ են տեղի ունենում՝ թե՛ կրթության բովանդակության, թե՛ ենթակառուցվածքների, թե՛ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ դպրոցների կառավարման և ֆինանսական համակարգի բարելավման տեսանկյունից: Բնականաբար, լավագույն փորձի տեղայնացումը մեզ համար կարևոր ճանապարհ է»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Բրիտանական խորհրդի Անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլն ընդգծել է՝ Հայաստանի հետ համագործակցության հաջողված փորձը կարող է որպես մոդել դիտարկվել այլ երկրների կողմից: «Հայաստանի կառավարության և Բրիտանական խորհրդի միջև երկարաժամկետ համագործակցության մակարդակը լավագույն օրինակներից է, որը մենք ցանկանում ենք կիսել ամբողջ աշխարհի հետ: Հայաստանը հիանալի գործընկեր է հատկապես այն առումով, որ ոչ միայն զբաղվում է կրթական բարեփոխումների մշակմամբ, այլև աշխատում է դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Ընդ որում՝ խոսքը ռազմավարական շատ հավակնոտ ծրագրի մասին է»,- ասել է Մայքլ Քոնոլը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքները: «Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման շրջանակում մենք երկու տարվա ընթացքում սովորողների մոտ կրթության դինամիկայում 6 ամսվա աճ ենք գրանցել: Սա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է: 2015 թվականին մարդկային կապիտալի գնահատման շրջանակում հետազոտությունները ցույց են տվել, որ 12-ամյա կրթության ընթացքում մեր սովորողները ձեռք են բերում 8 տարվա գիտելիքներ: Մնացած 4 տարիներն այնքան էլ արդյունավետ չեն անցնում դպրոցներում: Մեր կողմից նախաձեռնված այս գործողությունները հստակ կանոնակարգելու և ճիշտ ընթացքով իրականացնելու դեպքում կարող ենք կրճատել այն բացը, որն այժմ ունենք հանրակրթական դպրոցներում»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է նաև, որ Բրիտանական խորհրդի Անգլերեն  գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլը փաստել է՝ մի պայմաններում, երբ ամբողջ աշխարհը քննարկում է, թե համավարակի հետևանքով յուրաքանչյուր երկիր դպրոցական համակարգում քանի ամսվա կամ նույնիսկ տարվա կորուստ է ունեցել, Հայաստանում գրանցված 6 ամսվա աճը, իսկապես, տպավորիչ է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության այլ հեռանկարներ, մասնավորապես, ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, նախագծային ուսուցմանն ու դպրոցների կառավարման բրիտանական փորձի ուսումնասիրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am