Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Դե ֆակտո սառեցրել ենք գործունեությունը ՀԱՊԿ-ում, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե ևս պետք է սառեցնենք. Փաշինյան

Դե ֆակտո սառեցրել ենք գործունեությունը ՀԱՊԿ-ում, եթե այս գործընթացը 
շարունակվի, դե յուրե ևս պետք է սառեցնենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, եթե չստանա իր տված հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, դե յուրե ևս կսառեցնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ ՀԱՊԿ աշխատանքներում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ:

«Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել: Եվ այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ հարցը ծագել է 2021 թ. մայիսի իրադարձություններից հետո, 2021-ի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո: Եվ հարցը ծագել է հետևյալ համատեքստում՝ ՀԱՊԿ-ը այստեղ առաքելություն է գործուղել և առաքելության գործողությունների ու ուսումնասիրությունների արդյունքում պետք է տար իրադրության գնահատական: Ըստ էության ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը տալ գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»,-ասաց վարչապետը:

Իսկ ինչ է նշանակում իր հայտարարությունը, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում՝ Փաշինյանն ասաց, որ դա, օրինակ, նշանակում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում չունի մշտական ներկայացուցիչ արդեն 1 տարի, չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին՝ բարձր ու բարձրագույն մակարդակով, արդեն տևական ժամանակ:

Որոշումների կայացման համար Հավաքական անվտանգության պայմանագրում գործում է կոնսենսուսի սկզբունքը: Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը որևէ բան չի արգելափակում, բայց և չի մասնակցում: Վարչապետը կրկնեց՝ Հայաստանը չի մասնակցում մի պարզ պատճառով՝ չունի այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնակցի:

Հայաստանը գիտի, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում. «Եվ ընդամենը առաջարկում ենք այդ լեգիտիմ պատասխանի տակ ստորագրել և հաստատել այդ պատասխանը: Եվ դա պետք է անել կոնսենսուսով: Եթե մեր հարցին չկա կոնսենսուս, մենք նաև մեր քաղաքացիների, այդ թվում պատգամավորների հարցերին պատասխանելու հիմք պետք է ունենանք»:

Գեղամ Մանուկյանը տեսակետ հայտնեց, թե այդ «խռովկան» վիճակի լուծումը խոսակցությունն է: Նա բերեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օրինակը, ով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ուղիղ բողոքել է, ներկայացրել իր դժգոհությունները:

«ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ մենք գնանք բողոքենք: Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք: Եթե կազմակերպությունում հանկարծ որևէ պատճառով մեր ձայնը չի լսվում, մենք ՀԱՊԿ-ում դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք, մենք կազմակերպության լիիրավ ու լիարժեք անդամ ենք, ընդ որում՝ հիմնադիր անդամ ենք»,-ասաց Հայաստանի վարչապետը:

Նա հավելեց՝ ՀԱՊԿ-ը, փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններն անվտանգային ոլորտում, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Եվ դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը:

«Հետևաբար, այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշումը և պատասխանը, անում է ուղիղ հակառակը: Եվ հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և, եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, ի՞նչ անենք ուրիշ»,-եզրափակեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]