Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեմում ու կյանքում տարբեր Չեքիջյաններ եմ. Ազգային հերոսը գաղտնազերծում է կյանքի չբացահայտված էջերը

Բեմում ու կյանքում տարբեր Չեքիջյաններ եմ. Ազգային հերոսը գաղտնազերծում է 
կյանքի չբացահայտված էջերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տերյան 3 հասցեում ենք՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի փորձասենյակի մուտքի մոտ: Դռներից այն կողմ Հայաստանի 27 Ազգային հերոսներից մեկն է մեզ սպասում՝ Հովհաննես Չեքիջյանը: «Արմենպրես»-ի ստեղծագործական խմբի ներս մտնելուն պես 95-ամյա դիրիժորը նայում է ժամացույցին ու ժպիտով նկատում՝ ապրեք, ձեր նշած ժամից շուտ եք հասել:

«Այնպես չի, որ ուշանալու դեպքում կբողոքեի. կյանքում ես հնազանդվող եմ, բեմում եմ իշխող»,- վստահեցրեց վաստակավոր ու վաստակաշատ դիրիժորը:

Ով գոնե մեկ անգամ ներկա է գտնվել Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, վստահորեն կարող է փաստել՝ նրա ու երգչախմբի մեջ անտեսանելի թելեր կան, դահլիճում՝ անբացատրելի էներգիա:

- Ձեր դեպքում ասում են ՝ երբ լռում են դիրիժորի ձեռքերը, խոսում են նրա աչքերը: Ո՞ր տարիքից եք մտերմացել դիրիժորական փայտիկների հետ:

- 14 տարեկան էի, խոռում էի երգում, ամենափոքրն էի։ Այդ օրն ինչ-որ պատճառով դիրիժորը չեկավ, ինձ ասեցին՝ դու փորձիր… Ու արդեն 79 տարի բեմում եմ, որից 63-ը՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում:

Պետք է նկատեմ, որ 95 տարեկանը խոշոր տարիք է, ամեն մարդու չի վիճակվում այդքան ապրել: Բայց ես բեմում հանգած հրաբուխի վիճակ չունեմ: Ձեռքիս մեջն է 160 հոգին, կարա՞ մեկը թպրտա... Այո, ես բեմում իշխող եմ, եթե չիշխեմ՝ ոչինչ չի ստացվի։ Գործիս բնույթն է այդպիսին։ Բայց կյանքում այդպիսին չեմ, կյանքում ավելի շատ հնազանդվող եմ, Ինչպես ասում են՝ բեմում ու կյանքում ես տարբեր Չեքիջյաններ եմ:

GEV_8244.jpg (895 KB)

- Բոլորովին վերջերս մեծ համերգով նշեցիք Ձեր ծննդյան 95-ամյակը։ Վստահ եմ՝ արդեն իսկ պատրաստվում եք հոբելյանական 100-ին։ 

- 95-ն էլ ոչ պակաս պատկառելի տարիք է, այդ տարիքում շատերն ընդհանրապես խելքները թռցրած են լինում (ժպտում է - հեղ)։ Շնորհակալ եմ Աստծուց, որ ուժ ու եռանդ ունեմ, աշխատում եմ ամեն օր։ Ինձ սիրողները, որոնք շատ են իմ ունկնդիրների մեջ, ուզում են ինձ 100 տարեկան տեսնել։ Ես ասում եմ՝ Աստծո գործին մի խառնվեք, ինքը գիտի՝ ինչքան կյանք պիտի ինձ նվիրի, և խնդրում եմ՝ Աստծո գործը չսահմանափակեք (ծիծաղում է- հեղ)․․․ Ամեն մարդ չի, որ ապրում է 100 տարի․.. Ամեն դեպքում՝ 100-ամյակիս մնացել է 1800 օր։ 

- Արդեն 63 տարի Դուք այս խմբի ղեկավարն եք։ Ինչի՞ շնորհիվ է հաջողվել շուրջ 7 տասնամյակ այսքան հաշտ ու համախմբված խումբ ղեկավարել։

- Իմ ներվերի հաշվին։ Նման մեծ խումբ ղեկավարելն, իսկապես, դյուրին չէ: Կարևոր աշխատանքը բեմից դուրս է կատարվում, բեմում աշխատանքի պտուղն է երևում, արվեստը:

- Խոսեցիք տարբեր Չեքիջյանների մասին: Հետաքրքիր է՝ երիտասարդ Հովհաննես Չեքիջյանն ինչպիսի՞ն էր։

- Չեքիջյանը մինչև օրս էլ շատ զգայուն է։ Արվեստի մարդու հոգեբանությունն ինձ մոտ շատ է. փոքր բանից ուրախանում եմ, փոքր բանից տխրում եմ։ Երանի այդ զգայունությունը չլիներ, շատ ավելի երջանիկ կապրեի։ Դա ինձ երջանկություն չի բերում, բայց այդպես եմ ծնվել։

GEV_8204.jpg (957 KB)

- Կիսատ մնացած երազանքներ շա՞տ ունեք։

- (Ժպտում է – հեղ.) Իհարկե, շատ ունեմ։ Շատ եմ ափսոսում, որ անցել են տարիներ ու իմ երազանքները չեն կատարվել․․․ Բեմում կատարվել են:

- Մինչև 5 տարեկանը չեք խոսել…

- Այո, մինչև հիմա դժվարություն ունեմ (ծիծաղում է - հեղ)։ Ես լսածս երգերն անմիջապես երգում էի, կարողանում էի բառերն ասել, բայց խոսել՝ ոչ․ դժվարանում էի աթոռին՝ աթոռ, սեղանին՝ սեղան ասել․․․ Անբացատրելի երևույթներ կան աշխարհում։ Մենք մի երգիչ ունեինք, սոսկալի կակազում էր, բայց երբ բեմ էր բարձրանում ու երգում, մեկ վայրկյան անգամ չէր կակազում:  

- Մի առիթով ասել եք, որ բեմից վախենում եք։ Այսքան տարի հետո՞ էլ այդ վախը կա:

- Մի օդաչու ընկեր ունեի, ասում էր՝ մենք օդանավի անսարքությունից չենք վախենում, այլ վախենում ենք, որ ուղևորների մեջ կարող է գիժ լինել: Ես էլ իր պես կպատասխանեմ՝ ավելի շատ անակնկալներից եմ վախենում, անկանխատեսելի իրավիճակներից:

GEV_8295.jpg (892 KB)

- Նման իրավիճակներ շա՞տ են եղել:

- Այո, բայց չեմ հանձնվել (ժպտում է - հեղ). պատահել է, որ լուսարձակներն ուժեղ են եղել, երաժիշտներից մի քանիսի ուշքը գնացել է, ընկել են։ Պատահել է, որ բեմում կատուն վազել է մկան հետևից, չղջիկը մտել է երգչախմբի անդամներից մեկի մազերի մեջ․․․ Իհարկե, այդպիսի դեպքերից չխառնվել ու չվախենալ հնարավոր չի, բայց ես երբեք չեմ կանգնեցրել համերգը, շարունակել եմ։ Ի դեպ, 60 հազար հանդիսատեսի առջև ելույթ ունենալուց չեմ վախենում, բայց այ այս գործիքից, որ դրեցիք իմ առջև ( մատնացույց է անում ձայնագրիչը - հեղ․) ՝ սարսափում եմ։ 

- Պարոն Չեքիջյան, Ձեր ղեկավարած երգչախումբը բազմաթիվ միջազգային բեմերում է հանդես եկել։ Կարելի՞ է ասել, որ սփյուռքը հետաքրքրված է հայկական երաժշտությամբ։

- Գուցե չհավատաք, բայց այս ամբողջ ընթացքում հայերի հրավերով 2 անգամ ենք գնացել։ Մեզ հրավիրողների, դրսում համերգը կազմակերպողների մեծ մասը հրեաներ են եղել, ու նրանք միշտ պահանջում են, որ ցանկում Կոմիտաս ունենանք։ Այնինչ, ես ժամանակին մտավախություն ունեի, թե եվրոպացին Կոմիտասն ինչպե՞ս է հասկանալու։ Պարզվեց հակառակը՝ եվրոպացին Կոմիտասին ավելի շատ է գնահատում, քան հայը։ Այդ առումով մի դեպք պատմեմ․ Հայաստանի մարզերից մեկում էինք, այն ժամանակվա մշակույթի բաժնի վարիչն ասաց․ «Ընկեր Չեքիջյան, մի բան ասեմ՝ չնեղանաք։ Մեր ժողովուրդը հայկական երգեր է սիրում, ինչի՞ եք մեզ Կոմիտաս բերում» (ծիծաղում է - հեղ)։ Այնպես որ, մերոնք չեն գնահատում այն, ինչ ունեն։ Լսել եք չէ՞, թե հարսանիքներին ինչ երաժշտությամբ են ուրախանում՝ ռաբիսներով․․․ 

GEV_8261.jpg (693 KB)

- Երիտասարդ երաժիշտները, երգիչները ապագայի հույս ներշնչո՞ւմ են:

- Մենք շատ լավ, շնորհալի երիտասարդներ ունենք, բայց միևնույն է՝ նրանց մեջ չկա ո՛չ Գոհար Գասպարյան, ո՛չ Միհրան Երկաթ, ո՛չ Արշավիր Կարապետյան․․․ Այն ժամանակ մենք աշխարհին հայտնի մարդիկ տվեցինք, հիմա չկան այդ տեսակ անուններ։ Բացառիկները մեկ անգամ են ծնվում, ու դա միայն երաժշտությանը չի վերաբերում։ Օրինակ, Վահրամ Փափազյանի կարգի դերասան աշխարհը չի ունեցել, Նարեկացի չի ունեցել։ 

- Դուք Հայաստանի 27 Ազգային հերոսներից մեկն եք պարտավորեցնո՞ղ է։

- Այո, շատ բաներով։ 27-ից մեկը լինելը, նախ, պատասխանատվություն է, իրավունք չի տալիս, որ սխալվես։ Հանկարծ ես մի սխալ քայլ անեմ, բոլոր լրագրողները կխառնվեն իրար, այդպես չի՞։ Հենց այդ պատճառով դու ինքնըստինքյան քեզ ամփոփում ես, թույլ չես տալիս, որ վրադ խոսեն։ Գիտեք, կարևոր է, որ մարդը գնահատվում է ոչ միայն որպես մասնագետ, այլ նաև՝ անձնավորություն։ Ես չէի ցանկանա, որ ինձ միայն բեմում գնահատեն։ 

- Ե՞րբ եք Ձեզ ամենագնահատվածը զգացել:

- Իմ ամենախոշոր հաջողությունն այն է եղել, որ ես 5 տարի եղել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Մոսկվայում (ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր-խմբ.)։ Դա իմ ամենամեծ ուրախությունն է եղել, որովհետև որպես մարդ գնահատվել եմ:

- Դուք այն արվեստագետն եք, ով ունի հնարավոր գրեթե բոլոր կոչումները։ Ինչպե՞ս եք վերաբերում «Ժողովրդական» և «Վաստակավոր» կոչումները չեղարկելու որոշմանը:

- Իհարկե, հաճելի բան է, երբ դու պետականորեն գնահատվում ես, բայց այդ կոչումների լինել-չլինելուց բեմում ոչինչ չի փոխվում։ Հանդիսատեսը չի էլ մտածում, թե բեմում գտնվող մարդն ինչ կոչում ունի․․․ Եթե այդ գործի համար ես ծնվել՝ հաջողություն կունենաս, իսկ եթե այդ գործի համար չես ծնվել՝ ինչքան ուզում ես աշխատասեր եղիր, կոչումներ ստացիր՝ հաջողություն չես ունենա։ Գիտեք, այս տարիքիս մի բան եմ հասկացել․ եթե մի բան չլինող է՝ ինչքան ուզում ես ջանք թափիր՝չի լինի, իսկ եթե լինելու է՝ իրեն-իրեն լինելու է։ 

GEV_8232.jpg (936 KB)

- Վերջին տարիներին հայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններ ու կորուստներ ունեցավ: Ըստ Ձեզ, խրատներ քաղե՞լ ենք այդ դասերից:

- Ես սիրում եմ իմ ժողովրդին, իմ հայերին՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, բայց․․․ Մեր ինչ լինելը հասկանալու համար բավական է, որ Ձեզ հետ կանգնենք մի խաչմերուկում ու 10 րոպե հետևենք մեքենաների երթևեկությանը։ Երբեք կատարյալ չի, ու դա մեր իսկական պատկերն է այսօր։ Մի ծանոթ, մի հարևան, եթե հաջողություն է ունենում, ուրախանալու փոխարեն նախանձում ենք․․․ Բայց ասեմ, որ լավ հայն էլ շատ լավն է, վատից՝ հեռու փախիր։ Մեր հայերի 20 տոկոսն է լավը, մնացածը․․․ Սակայն դրանից իմ սերը չի պակասել։ Այդ բոլորը տեսնելով ու զգալով հանդերձ՝ ես իմ ժողովրդին սիրում եմ, ուրախանում եմ հաջողություններով ու տխրում անհաջողություններից։

Իսկապես, շատ դժվարություններ ենք ունեցել, ու տա Աստված՝ մեծ պետությունները եզրակացության գան, որպեսզի մեր գործերը լավ լինեն։ Նրանք են որոշողը։ Մեզանից շատ բան է կախված, մենք շատ սխալներ ենք ունեցել և կունենանք, բայց մեր ճակատագիրը որոշողները մեծ պետություններն են։ Ամեն մեկն իր շահն ունի․ եթե շահերը համընկան, մեր գործը լավ կգնա։ Ու տա Աստված, որ շահերը համընկնեն…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]