Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Շտապօգնությունը`մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի բուժառուներին

Շտապօգնությունը`մոպեդներով. ո՞ր դեպքերում նոր ծառայությունը կարձագանքի 
բուժառուներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որն ուղղված է Շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, կանչերին արագ արձագանքելուն։ Մասնավորապես՝ շուտով կգործարկվեն շտապօգնության զանգերին արձագանքելու համար նախատեսված հատուկ մոպեդներ։

Մանրամասնելով նախաձեռնությունը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց, որ մոպեդներով շտապօգնության ծառայություն մատուցելու պարագայում չի նախատեսվում բուժառուներին բուժհաստատություն տեղափոխել: Մոպեդով օգնություն կցուցաբերվի այն բուժառուներին, ովքեր չունեն քրոնիկական  հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ բուժառուի հետ գործ ունենք: Օրինակ` այն բուժառուները, որոնք քրոնիկական հիվանդություններ և հիվանդանոցային բուժման կարիք չունեն, բայց բարձր ջերմություն ունեն, այս պարագայում բուժակը մոպեդով ավելի արագ և օպերատիվ կարող է հասնել տեղ, չափել ջերմությունը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բժշկի հետ և տալ համապատասխան դեղորայք»,-ասաց նա:

Կարապետյանն անդրադառնալով բոլոր այն հարցերին, թե ինչպե՞ս են մոպեդով բուժառուներին տեղափոխելու բուժհաստատություն, պատասխանեց, որ մոպեդով ոչ ոքի չեն տեղափոխելու: Ըստ նրա՝ մոպեդն ընդամենը ծառայելու է խցանումների ժամանակ և հիվանդանոցային բուժում չպահանջող դեպքերի ժամանակ, ինչը կորոշվի զանգերի ֆիլտրման միջոցով:

«Ուսումնասիրել ենք որոշ երկրների փորձը՝ Իսրայելի, Նորվեգիայի, Վրաստանի և Իտալիայի: Այս բոլոր երկրներն ունեն իտալական  մոպեդներ, որոնք վարելը շատ հեշտ է, ինչպես նաև ունեն բժշկական հագեցվածության ուղղվածություն: Մոպեդներն ունեն ամրացված պայուսակներ, սարքեր, որոնք բուժակին կամ բժշկին հնարավորություն կտան օգնություն ցույց տալ կամ որոշակի ախտորոշում կատարել»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ այժմ մասնագետների հետ կատարվում են ուսումնասիրություններ, քննարկումներ, վերջնական արդյունքը  լինելու դեպքում հանրությանը մանրամասն կտեղեկացնեն:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am