Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությանը՝ լրացուցիչ պարզաբանում ներկայացնելով ավելի վաղ կայացրած իր որոշման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լիցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները  ՀՌՀ-ի գործառույթներից դուրս է, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի):

«2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու  բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ ՀՌՀ-ի համար հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական ​​լրատվամիջոցը:

«Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։ Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին  «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով»,- եզրափակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դեկտեմբերի 21-ին մեկնաբանել էր է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը՝ կապված «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու հետ։ Դեսպանատունը որոծման առթիվ ափսոսանք է հայտնել կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատել է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am