Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը նպատակ ունի ներդրողին կապել բիզնեսի հետ. հարթակն առաջիկայում կգործարկվի

ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը նպատակ ունի 
ներդրողին կապել բիզնեսի հետ. հարթակն առաջիկայում կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել և լիցենզավորել է ԱՌՖԻ ներդրումային ընկերությանը, որը հանդիսանում է  Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի օպերատորը: ԱՌՖԻ-ի նպատակն է աջակցել ներդրողներին և ընկերություններին հասնել իրենց բիզնես նպատակներին։

Մեկ տարվա ընթացքում ԱՌՖԻ-ն ընդունել է շուրջ 300 հայտ, ինչպես նաև ստեղծվել է Arfi.am հարթակը, որը իր տեսակով բացառիկ է Հայաստանում և կապում է ներդրողին բիզնեսի հետ:

Այն լինելու է էլեկտրոնային միջավայրում ներդրումներ ներգրավելու գործիք, որը հնարավորություն կտա և՛ լոկալ բիզնեսներին ֆինանսավորում ներգրավել, և՛ ներդրողներին ամբողջ աշխարհից մասնակցություն ունենալ պոտենցիալ ունեցող հայկական նախագծերում։ Հարթակի անունը «Armenia Financed» բառակապակցության հապավումն է, որը նշանակում է ֆինանսավորված Հայաստան։

Հարթակի միջոցով հնարավոր կլինի ներդրումներ իրականացնել մի քանի օրից, իսկ մինչ այդ յուրաքանչյուր անձ կարող է այցելել ընկերության կայքէջ և ծանոթանալ առաջարկվող բիզնես նախագծերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Arfi.am հարթակի հնարավորությունների, առանձնահատկությունների և առաջարկների մասին խոսել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության  տնօրեն Էդգար Էվոյանը:

-Պարոն Էվոյան մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք պատմեցիք, որ ԱՌՖԻ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որ իրականացնելու է ներդրումային քրաուդֆանդինգ: Այսօր հարթակն արդեն պատրաստ է, և շուտով հնարավոր կլինի հարթակի միջոցով ներդրումներ կատարել: Մի փոքր կմանրամասնեք:

-Շուրջ մեկ տարի առաջ՝ հարթակի օպերատորի գրանցվելուց  և լիցենզավորվելուց հետո, մենք սկսեցինք արդեն ընդունել ընկերություններին՝ ունենալով բավականին մեծ պահանջարկ՝ ավելի քան 300 հայտ: Այս մեկ տարվա ընթացքում փորձեցինք ֆիլտրել ու ընտրել միայն այն ընկերությունները, որոնք հետաքրքիր կլինեն ներդրողների տեսանկյունից, որի արդյունքում այս պահին ընտրել ենք 12 ընկերություններ, որոնք շատ շուտով կավելանան հարթակում: Հարթակը արդեն գործարկված է, սակայն ընկերությունները այնտեղ ներկայացված են սպասվող կարգավիճակով, և ամեն մի ընկերություն կունենա իր առանձին գործարկվելու ժամկետը, որը մենք նախատեսում ենք առաջիկայում։ Դրանից հետո արդեն հնարավորություն կլինի նաև ներդրումներ կատարել:    

-Ի՞նչու պետք է գործարարը դիմի ձեզ: Ի՞նչ հնարավորություններ և առավելություններ է տալու հարթակը բիզնեսին, որոնք նա չի կարող գտնել ֆինանսական այլ աղբյուրներում:

-Բնականաբար, մենք նույնպես նոր ընկերություն ենք, բայց այս մեկ տարվա ընթացքում արդեն հասկացել ենք, որ մեծ պահանջարկ կա։ Իսկ ինչ վերաբերվում է հարթակի առավելություններին, ապա ընկերություններն իրենք էլ փաստում են, որ այն առանձնանում է իր պարզ ընթացակարգերով: Հաջորդը՝ իհարկե, պետք է համեմատել այլ ֆինանսական ծառայությունների հետ, որոնք նույն աշխատանքն են իրականացնում, օրինակ՝ վարկերի, առաջնային շուկայում առաջնային տեղաբաշխման և էլի շատ նման ծառայությունների հետ: Վարկերի պարագայում բանկերը հիմնականում գրավի առկայություն են պահանջում, իսկ առաջնային շուկայում տեղաբաշխվելը շատ ավելի խիստ պահանջներ է ներկայացնում, քան ներդրումային քրաուդֆանդինգը և, բնականաբար, սա ընկերությունների համար շատ մեծ հնարավորություն է՝ պարզ ընթացակարգով հասնել մեր հարթակի ամբողջ բազային:

OLD04767.JPG (512 KB)

 - Խոսենք նաև ներդրողների մասին, ովքե՞ր կարող են ներդրում կատարել և ինչպե՞ս են պաշտպանվելու նրանց շահերը:

- Ցանկացած չափահաս անձ կարող է գրանցվել և ներդրում իրականացնել հարթակում՝ ֆիզիկապես գտնվելով ցանկացած վայրում: Իսկ շահերի պաշտպանությունը մեզ մոտ մի քանի ուղղություններով է իրականցվում, բայց առաջին և ամենակարևորը թափանցիկությունն է։ Այսինքն՝ մենք պահանջում ենք, որ ընկերությունները ներկայացնեն բոլոր պահանջվող փաստաթղթերը, որ մեզ անհրաժեշտ է այդ ընկերությունը դիտարկելու և հաստատելու համար։ Մենք այդ տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացնում ենք հարթակի՝ իրենց էջում: Այսինքն՝ ներդրողները կարող են մտնել ցանկացած բիզնես առաջարկի էջ, ծանոթանալ առաջարկներին և նոր կայացնել որոշում:

 -Պարոն Էվոյան, վստահ եմ մեր ընթերցողները հիմա մտքում տալիս են այս հարցը, թե  որքանո՞վ է ԱՌՖԻ-ն վստահելի և անկախ:

-Մենք լիցենզավորված ներդրումային ընկերություն ենք և պետք է բավարարենք խիստ վերահսկողական կարգավորման դաշտին, որը և մենք անում ենք: Ընկերությունների ֆիլտրացիան իրականացնելու համար մենք ունենք հստակ կարգ, որին հետևում ենք: Ունենք ներդրումային կոմիտե, որը բաղկացած է բավականին մեծ փորձառություն ունեցող ֆինանսական մասնագետներից, և այդ ներդրումային կոմիտեի ուսումնասիրությունն անցնելուց հետո նոր հաստատվում  կամ մերժվում են հայտերը:

Իրականում մեր շահերից է բխում, որ հարթակում ներկայացված լինեն այնպիսի ընկերություններ, որոնք կունենան հաջողված ֆինանսավորում, այսինքն՝ մենք ինչու՞  բոլոր հայտերը չենք ներկայացնում հարթակում, որպեսզի  ներդրողը ինքը որոշի: Մենք չենք ուզում հարթակում լինեն մեծ թվով չհաջողված ֆինանսավորումներ, որի արդյունքում հարթակի նկատմամբ վստահությունը կնվազի: Մենք ցանկանում ենք լինել միջնորդ, որին հավատում են և՛ ներդրողները, և՛ այն ընկերությունները, որոնք ներկայացված են:

 OLD04778.JPG (525 KB)

-Նշվեց,  որ մեկ տարվա ընթացքում շուրջ 300 հայտ է ստացվել: Որ ոլորտներից են առավել շատ դիմումները։

-Մենք, կարելի է ասել, որևէ նպատակ չունենալով՝ ունեցանք հաստատված ընկերությունների դիվերսիֆիկացված ցանկ․ ունենք և՛ ՏՏ ոլորտի ստարտափ ընկերություններ, և՛ ծառայությունների ոլորտ, և՛ արտադրություն։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ գրեթե բոլոր ոլորտներից էլ հայտեր ունեցել ենք:

-Կա՞ն ոլորտներ, որոնց կտրվի նախապատվություն։

- Այս պահին որևէ ոլորտային նախապատվություն չունենք, բայց, բնականաբար, այդ դիվերսիֆիկացիան ուզում էինք ունենալ․ ինչո՞ւ, որովհետև մենք ուզում ենք բոլոր ներդրողների համար հետաքրքիր լինել: Այսինքն՝ եթե մի ներդրողին հետաքրքրում են ՏՏ ոլորտի ստարտափ ընկերությունները, մենք ուզում ենք նաև այդ ներդրողի համար լինել հետաքրքիր վայր, որոնք  պարբերաբար կմտնեն  մեր հարթակ՝  տեսնելու, թե ի՞նչ նոր  ընկերություններ են ներկայացված:

 OLD04782.JPG (447 KB)

-Ի՞նչ կտա հարթակի գործածությունը Հայաստանի տնտեսությանը:

-Եթե նայենք տնտեսական աճի տեսանկյունից, ապա նշեմ, որ ամենակարևոր գործոններից մեկը հենց ֆինանսավորման առկայությունն է: Տնտեսական աճը պայմանավորված է նաև  առանձին բիզնեսների հաջողությունից, այսինքն՝ մեր տնտեսական աճը դրանց հանրագումարն է: Եթե որևէ բիզնես, որը  տնտեսապես հետաքրքիր է ներդրողին, Հայաստանում չունենա ներդրման որևէ խոչընդոտ, բնականաբար, դա կազդի ամբողջ տնտեսական աճի վրա,  իսկ մենք փորձում ենք լուծել այդ խնդիրների մի մասը՝ օգնելով ընկերություններին զարգացման վաղ փուլում ստանալ ցանկալի ֆինանսավորում:

Հարթակի գործունեության և ներդրումներ կատարելու մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով Arfi.am:

ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը՝ գրանցված և լիցենզավորված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հիմնադրվել է 2022 թվականին՝ աջակցելու ներդրողներին և ընկերություններին հասնել իրենց բիզնես նպատակներին:

 

Գայանե Գաբոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am